Հունան Պողոսյան. «Պատանդներն այս պահի դրությամբ 5-ն են»

Պատանդառուների հետ բանակցությունները շարունակվում են, որոնց ոստիկանապետը չի մասնակցում։

Պարեկապահակային ծառայությունում պատանդ պահվող ոստիկաններն այս պահի դրությամբ 5-ն են: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Մանրամասներ այն մասին, թե ինչ հիմնավորմամբ են ավելի վաղ ազատ արձակվել ոստիկաններից մեկն ու շտապօգնության մեքենայի վարորդը, փոխոստիկանապետը չի հայտնել:

«Պարեկապահակային ծառայության պատանդ պահված աշխատակիցներին ազատ արձակելու ուղղությամբ Ժիրայր Սեֆիլյանի հետ բանակցություններ դեռ չեն տարվում»,- հայտնեց փոխոստիկնապետն, իսկ պատանդառուների հետ բանակցությունները շարունակվում են. ովքեր են բանակցողները՝ փոխոստիկանապետը շատ չկոնկետացրեց.

«Համապատասխան կոնտակտային սպան բանակցում է ներսում գտնվող խմբի համապատասխան անձի հետ: Այլ մանրամասներ չեմ կարող ասել»,- ասաց Հունան Պողոսյանը:

Բանակցության առարկան ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն է, պահանջները երկու կողմերի համար մնում են նույնը.

«Մեր պահանջը մնում է նույնը: Ես չեմ հոգնում այն կրկնել ե´ւ ձեր, ե´ւ իրենց համար. ազատ արձակել բոլոր պատանդներին, դադարեցնել իրավիճակի սրումը եւ հանձնվել»,- նշեց ՀՀ փոխոստիկանապետը:

Նա չբացառեց, որ բանակցությունների ընթացքում կարող են լինել նաեւ փոխզիջումներ. ինչպիսի՝ չմանրամասնեց:

«Փոխզիջումը չի կարող լինել միակողմանի: Կանեն իրենց քայլը, կորոշենք, թե ինչ քայլ պետք է անենք մեր կողմից: Եթե բանակցությունները արդյունավետ չլինեն, ոստիակնությունն ու իրավապահ համակարգը ի վիճակի է ձեռնարկել օրենքով թույլատրելի բոլոր միջոցները»,- ասաց Հունան Պողոսյանը:

*

*