Գյումրիում շենքի պատշգամբ է փլուզվել

Զոհեր ու վիրավորներ չկան
gyumri-pluzum

Գյումրու Տիգրան Մեծի թիվ 5  շենքի  երկրորդ հարկի բնակարանի պատշգամբի բետոնե հատակը հուլիսի 22-ին փլուզվել է: Բարեբախտաբար,  զոհեր ու  վիրավորներ չկան: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցները տարածքը սահմանազատել են: Շենքը վտանգավոր է ոչ միայն բնակիչների, այլ նաև անցորդների  համար:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ  Մկրտիչ  Ասատրյանն «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ գումար լինելու դեպքում, առաջնային կհիմնանորոգվի այս շենքը, սակայն այս պահին գումար  չկա: «Գումար  լինելու դեպքում առաջնահերթ այս շենքն է հիմնանորոգվելու: Շենքում նախկինում էլ եղել են փլուզումներ: Փլուզվել էին 3-րդ հարկի փայտյա կոնստրուկցիաները: Մենք երկու առանձին ծրագրերով ներկայացրել ենք շենքի վերականգնման ծրագիրը: Այս պահին սպասում ենք կառավարության պատասխանին: Պատշգամբները 4-րդ աստիճանի վթարային են, արդեն ենթակա են քանդման»,- նշեց Մկրտիչ Ասատրյանը:

Ըստ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության եզրակացության՝ շենքը   մասնակի 4-րդ  և 3-րդ աստիճանի վթարային է՝ պատշգամբները 4-րդ աստիճանի վթարայնության են, այսինքն՝ ենթակա են քանդման, մյուս հատվածները՝ 3-րդ  աստիճանի վթարային են:  Շենքն ունի 24 բնակարան, բայց ոչ բոլոր բնակարաններում են բնակվում: Շենքի  նորոգման համար մոտավորապես անհրաժեշտ  է 200 մլն դրամ: «Բայց ավելի հստակ գումարը հնարավոր կլինի ասել հիմնանորոգման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը կազմելիս»,- նշեց Մկրտիչ  Ասատրյանը։

Տիգրան Մեծի 5 շենքը երկու  մասից է  բաղկացած. մյուս հատվածը, տարիներ  առաջ, ամրացվել է «Լինսի» հիմնադրամի բնակարանաշինական ծրագրով:

Արմենուհի Մխոյան

*

*