Միջազգային մամուլի անդրադարձը Երևանում տեղի ունեցած պայթյունին

Երևանի Հալաբյան փողոցում 2016թ. ապրիլի 25-ին տեղի ունեցած երթուղային ավտոբուսի պայթյունին անդրադարձել են արևմտյան և հատկապես ռուսական մի շարք լրատվամիջոցներ։
avtobus-paytyun

aravot.am — Երևանի Հալաբյան փողոցում 2016թ. ապրիլի 25-ին տեղի ունեցած երթուղային ավտոբուսի պայթյունին անդրադարձել են արևմտյան և հատկապես ռուսական մի շարք լրատվամիջոցներ։

Հայտնի abc news լրատվականը հաղորդում է ողբերգական դեպքի մասին՝ նշելով, որ պայթյունին զոհ է գնացել մեկ հոգի, ևս 6-ը վիրավորվել է։

Արևմտյան մեկ այլ՝ International Bussiness Times-ը  հոդված է հրապարակել, որտեղ պատմում է Երևանում տեղի ունեցած պայթյունի մանրամասների մասին։

Միջազգային լրատվամիջոցը նշում է, որ պայթյունից հետո մի քանի ժամ սարսափելի տեսարան է եղել դեպքի վայրում։ Նյութի մեջ մեջբերված է նաև դեպքի վայրին մոտ ապրող բնակիչներից մեկի խոսքը։ Նելսոն Ստեփանյանը, որն ապրում է այն վայրի հարևանությամբ, որտեղ որոտացել է պայթյունը, քնած է եղել, երբ դեպքը տեղի է ունեցել. «Շատ հուժկու պայթյուն էր, որի հետևանքով փշրվեցին նաև ապակիները»։

Արևմտյան լրատվամիջոցները չեն բացառում նաև ահաբեկչության վարկածը, նշելով սակայն, որ ահաբեկչությունը Հայաստանում խիստ հազվագյուտ երևույթ է։ Ռուսական լրատվամիջոցների կատարած անդրադարձներում նույնպես պատմվում են տեղի ունեցած ողբերգական իրադարձության մանրամասները, երբեմն սակայն, որոշակի անճշտություններով։ Մասնավորապես ռուսական մի շարք լրատվամիջոցներ մեջբերում են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքերը, որն, ըստ ռուսական աղբյուրների, ասել է, թե ավտոբուսի ուղևորներից մեկի ձեռքում պայթուցիկ է եղել, որն էլ պայթել է։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, մեկնաբանելով Երևանում տեղի ունեցած պատահարը, մանրամասնել էր տեղի ունեցածը։ ՀՀ ոստիկանապետի խոսքերով՝ պայթյունի օջախը եղել է ավտոբուսի աջ կողմի առջևից երկրորդ նստատեղը։ Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ պայթող նյութը եղած լինի այդ նստատեղին նստած անձի մոտ, ոստիկանապետը չէր բացառել այդ տարբերակը։

*

*