Երևանում 27-ամյա տղամարդն ու 21-ամյա կինը վնասվածքներ են ստացել ճոպանուղուց օգտվելիս

Դեպքը տեղի է ունեցել 17։00-ից 18։00-ի սահմաններում․․․
ziplayn,-erevan

Սեպտեմբերի 5-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրոսկրի բեկորային կոտրվածք» և «կոնքոսկրի և բազուկոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա տղամարդ և 21-ամյա կին: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 08.30-ին, նրանք օգտվել են Կոմիտասի պողոտայից Ալիխանյան եղբայրների փողոց տանող միաճոպան կախովի մարդատար ճոպանուղուց, սակայն տեղաշարժը հսկող աշխատակցի կողմից ժամանակին չարգելակելու պատճառով դիպել են մետաղյա պարաններին և հենարաններին՝ ստանալով վնասվածքներ:

Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր:

«Զիփլայն» ընկերության տնօրեն Ժիրայր Մուշեղյանը yerkirmedia.am-ի հետ զրույցում նշեց, որ ոստիկանության տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել 17։00-ից 18։00-ի սահմաններում, թռիչքի ընթացքում ուժեղ փոթորիկ է սկսել, աշխատեցվել է արգելակման համակարգը վնասից խուսափելու համար։ Ընկերության տնօրենը նշեց, որ կոտրվածքներ ստանալու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Վնասվածքներ եղել են, բայց ոչ կոտրվածքներ, իսկ այն, որ աշխատակցի ուշ արգելակման պատճառով է դեպքը տեղի ունեցել, ճիշտ չէ»,- նշեց նա։

*

*