Դիլիջանի ոլորանների եւ թունելի հատվածում երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է

Դիլիջանի լեռնանցքում ձյան առատ տեղումները շարունակվում են։ Ձյան շերտն արդեն հասնում է մոտ 40 սմ-ի։
dilijan-dzyun

Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է դարձել երթևեկությունը Դիլիջանի ոլորաններում, երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է Սևանից դեպի Դիլիջանի մուտք և թունելից մինչև Դիլիջան հատվածներում: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Իսկ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ձյան առատ տեղումների պայմաններում Դիլիջանի ոլորաններում՝ թունելից մոտ 700մ ներքև՝ Դիլիջան  քաղաք տանող հատվածում,  խափանված ծանրաքարշ մեքենաների պատճառով դժվարանցանելի է դարձել Դիլիջանի լեռնանցքը։

Խափանված մեքենաներից մեկը կարճ ժամանակահատվածում կարգի է բերվել և շարունակել ճանապարհը, որից հետո ճանապարհի երթևեկելի գոտին մասնակի բացվել է։

Ճանապարհաշինարարների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով  աշխատում են ճանապարհը փակած երկրորդ մեքենան ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս բերելու ուղղությամբ։

Նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները տեղում աշխատանքներ են տանում  իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Դիլիջանի լեռնանցքում ձյան առատ տեղումները շարունակվում են։  Ձյան շերտն արդեն  հասնում է մոտ 40 սմ-ի։

Ճանապարհահատվածը սպասարկող  Դիլիջանի «Հաղարծին» ՓԲ ընկերության աշխատակիցները գործի են դրել ձյուն մաքրող ամբողջ տեխնիկան և աշխատում են արտակարգ ռեժիմով։

Մարդատար մեքենաների երթևեկությունը վերականգնված է։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ առայժմ դադարեցված է ծանրաքարշ մեքենաների շարժը։

*

*