Դավիթաշենում ծառերի հատման դեպքով մեկ անձ բերման է ենթարկվել

Ալեքսան Սամսոնյանը բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում հանգստյան օրերին ապօրինաբար հատված 29 բարդիների եւ թեղիների հատման պատմությունը կարծես պարզվում է: Ոստիկանության հաղորդագրության համաձայն, ծառերը կտրել է Ա.Ս.-ն՝ Ալեքսան Սամսոնյանը, որն, ըստ ամենայնի, տվյալ թաղամասում գործող «Դելֆին» մանկապատանեկան լողի մարզադպրոցի տնօրենն է:

Նա բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: Նյութերն ուղարկվել են Աջափնյակ եւ Դավանիթաշեն վարչական շրջանների դատախազություն:

Թաղամասում բնակվողներից շատերն են տեսել են, թե ինչպես են հատել ծառերը, բայց նրանցից ոչ բոլորը ցանկացան «Երկիրն այսօրի» տեսախցիկի առջեւ խոսել դրա մասին, իսկ մի քանիսն էլ ծառահատման տարբեր ժամեր են նշում: Տեսել են, հարցրել՝ ինչո՞ւ են կտրում, պատասխան չեն ստացել։

Հատված ծառերի դիմաց գործում է «Դելֆին» մանկապատանեկան լողի մարզադպրոցը: Մամուլի որոշ հրապարակումների համաձայն եւս՝ հենց այդ հաստատության ղեկավարությունն է ծառահատման կազմակերպիչը: Մարզադպրոցի աշխատակից Կարինե Մելքոնյանը բարկացած էր, որ այդ հարցում իր ղեկավարության են մեղադրում: Նա բացառում էր, որ ծառերը հատված լինեն իր վերադասների հրահանգով:

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները եղել են Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում, հաշվարկել շրջակա միջավայրին հասցված վնասը։

Իսկ ավելի վաղ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել էր, որ կատարված ապօրինությունը մասնավոր տնտեսվարող է նախաձեռնել, ընդ որում՝ հատել են գիշերը, իսկ արդեն այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է համապատասխան պաշտոնյաներին՝ ոստիկանութան հետ համատեղ, հայտնաբերել մեղավորներին եւ նյութերը փոխանցել Երեւանի դատախազությանը՝ համապատասխան ընթացք տալու համար:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները