Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիների առողջության հետ կապված հիմնական վտանգն անցել է

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է:
avtobus-paytyun-aroghjapahutyan-nakhararutyun

Ապրիլի 25-ի երեկոյան ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժած և այսօր առավոտյան Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է: Տղաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:Առողջապահության նախարարության հաղորդմամբ, բժիշկների կողմից անզգայացման ներքո կատարվել են վերքերի մշակում, օտար մարմիննների հեռացում,  ինչպես նաև այլ գործողություններ:

«Հիմնական վտանգն անցել է, վերակենդանացման և վիրաբուժական ծառայությունները համատեղ անում են բոլոր անհրաժեշտ միջամտությունները»,-  բժշկական կենտրոն այցի ժամանակ տուժածների ծնողների և հարազատների հետ զրույցում հավաստիացրել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Ժամը 19:00-ի դրությամբ` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տարբեր  բաժանմունքներում  բուժում է  ստանում  պայթյունից տուժած 4 քաղաքացի: 37-ամյա հղի կինը, ում կյանքին և  պտղին  վտանգ չի սպառնում, մասնագիտական հսկողությունը շարունակում է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում:

Տուժածների բուժօգնությունը համակարգվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:  Վիրավորներն  ապահովված են բոլոր անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:

*

*