Իրենք իրենց վնասած աշակերտները մշտապես եղել են ոստիկանության ուշադրության կենտրոնում

Երեւանյան թիվ 127 դպրոցում ինքնասպանության փորձի մասին տեղեկությունը ճշտվում է...
127-dproc

Երեւանի դպրոցներից մեկի բակում երեկ երկու աշակերտ ածելիով վնասել են իրենց նախաբազուկները: Այսօր մամուլում այս մասին լուրեր տարածվեցին, ըստ որի, նրանք իբրեւ ինքնասպանության փորձ են արել այն պատճառով, որ չեն կարողացել վճարել դպրոցի գրքերի համար նախատեսված գումարը:

«Երկիրն այսօրին» հաջողվեց պարզել, որ դեպքը տեղի է ունեցել Լեւոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում: Մեր լրագրողի հետ զրույցում դպրոցի տնօրեն Նելսիկ Էլոյանը հաստատել է, որ աշակերտներն իրենց դպրոցում են սովորում, մեկը՝ 10-րդ, մյուսը՝ 11-րդ դասարանում: Տնօրենը հավաստիացրել է, որ պատճառը սոցիալական չէր կարող լինել, իրենց մոտ նման խնդիրները միշտ լուծվում են:

Նա նշել է, որ այդ աշակերտները մշտապես աչքի են ընկել վատ վարքով, առաջին անգամը չէ, որ հայտնվել են ոստիկանական բաժանմունքում: Նելսիկ Էլոյանը վստահ է, որ սա տղաների հերթական խուլիգանական արարքն է եւ իրականում նրանք չեն վնասել նախաբազուկները:

ԿԳ նախարարությունից այս դեպքի առթիվ հայտնում են, որ Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցի տնօրենը կանչվել է ԿԳ նախարարություն։

«Նախ եկեք չորակենք, որ փորձել են ինքնասպանություն կատարել: Ոստիկանությունը զբաղվում է այդ գործով, բացի այդ, տնօրենը հրավիրվել է նախարարություն պարզաբանումներ տալու: Եթե ստանանք պարզաբանումներ, թե ինչ է տեղի ունեցել, ավելի մանրամասն կկարողանանք ձեզ ներկայացնել»,- ասաց Արշակյանը:

Իսկ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեպքն արձանագրվել է, հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*