Առյուծին «փաղաքշել» ցանկացող քաղաքացին խախտել է օրենքը եւ եղել է ոչ սթափ վիճակում

Նա անցել է առյուծների վանդակի շուրջ տեղադրված կողպված արգելապատնեշը, մոտեցել ճաղավանդակներին...
aryuc-qaxaqaci-vnasel

Արարատի մարզի Արալեզ գյուղի 44-ամյա բնակիչ Արտյոմ Ավետիսյանը մի խումբ ընկերների հետ մարտի 10-ին` ժամը 20:30-ի սահմաններում, ոչ սթափ վիճակում ապօրինի մուտք է գործել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կառավարվող հատուկ պահպանվող տարածք՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան: Այնուհետ անցել է առյուծների վանդակի շուրջ տեղադրված կողպված արգելապատնեշը, մոտեցել ճաղավանդակներին և փորձել «փաղաքշել» առյուծին, ինչի արդյունքում ստացել է ձեռքի և ուսի վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ և գտնվում է այժմ:

Ինչպես  հայտնեցին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հիմնադրամին պատկանող մասնավոր սեփականություն է: Ապաստարանի սահմանագծին տեղադրված են ապօրինի մուտքն արգելող մի քանի ցուցանակներ: Հետևելով անվտանգության սահմանված չափանիշներին, վանդակները, որտեղ ներկայում պահվում են առյուծները, ցանկապատված են դրանցից 3 մետր հեռավորության վրա գտնվող կողպված արգելապատնեշով, որի վրա նույնպես մի քանի տեղերում փակցված են մուտքն արգելող ցուցանակներ: Հաղոդագրությամբ հայտնում են, որ քաղաքացիների մուտքը տարածք եղել է անօրինական և կարող է պատժվել օրենքով սահմանված կարգով:

Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու առյուծները Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, ՀՀ բնապահպանության նախարարության և Կենդանաբույժների համաշխարհային ծառայության (ԿՀԾ) աջակցությամբ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի վերականգնողական կենտրոն են տեղափոխվել փետրվարին: Անհրաժեշտ կարանտինային շրջափուլն անցնելուց և փաստաթղթային ձևակերպումներից հետո կենդանիները կտեղափոխվեն բրիտանական Peak Wildlife Park. Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում այժմ ընթացքի մեջ են Վայրի բնության փրկարար կենտրոնի շինարարական աշխատանքները:

Վայրի բնության փրկարար կենտրոնի առաքելությունը կլինի Հայաստանում վայրի կենդանիների մասնակցությամբ միջադեպերի կանոնակարգված մասնագիտական կառավարումը:

*

*