Արցախում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում՝ հունվարի 22-ին մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող...
zinvor-zoh

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 430 կրակոց: Ինչպես  տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժն առավել ինտենսիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից (92 կրակոց), ինչպես նաև կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (2 արկ):

Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում՝ հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Կարեն Մարատի Ուլուբաբյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Ի դեպ, Կարենի հայրը՝ Մարատը եւ հորեղբայրը՝ Կարենը, որի անունով էլ նրան անվանակոչել էին, նահատակվել են Արցախյան ազատամարտում։

*

*