Արցախում վիրավորված զինծառայողների վիճակը կայուն ծանր է

Հարցին, թե 2 զինվորների կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, հոսպիտալի տնօրենը պատասխանեց. «Իհարկե, սպառնում է: Հրազենային վիրավորում է...
sahman-zoh

Tert.am-Երեկ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում վիրավորված 2 զինվորների վիճակը կայուն ծանր է, նրանց կյանքին վտանգ է սպառնում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մուրացան» հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:

Նշենք, որ այսօր «ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն է շրջանառվել, որ երեկ ԼՂՀ-ում Մարտունու ուղղությամբ  2 զինվորներ են վիրավորվել:

«Մուրացան» հոսպիտալի տնօրենը Tert.am-ին հայտնեց, որ երեկ Ստեփանակերտի հոսպիտալից իրենց մոտ են տեղափոխվել պայմանագրային զինծառայող 24-ամյա Քաջիկ Բադալյանը և ժամկետային զինծառայող 19-ամյա Կարապետ Միքայելյանը։

«Քաջիկ Բադալյանի վիճակը ծանր կայուն է, որովայնի թափանցող վիրավորում է և աջ ազդրի միջին երրորդականի գնդակային բեկորային վիրավորում: Կարապետ Միքայելյանի վիճակը ևս ծանր կայուն է, Կարապետի մոտ գլխի թափանցող վիրավորում է»,- ասաց Ասատուրյանը:

Հարցին, թե 2 զինվորների կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, հոսպիտալի տնօրենը պատասխանեց. «Իհարկե, սպառնում է: Հրազենային վիրավորում է, իհարկե, կյանքին վտանգ կարող է սպառնալ և սպառնում է»:

Նշենք, որ «Արմենպրես»-ը տեղեկացնում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ տեղափոխված մեկ այլ վիրավոր զինծառայողի՝ Արցախի Աշան գյուղի բնակիչ 32-ամյա Գագիկ Պողոսյանի մասին։

Արցախի զինվորական հոսպիտալից Tert.am-ին հրաժարվեցին տեղեկություն հայտնել վիրավոր Գագիկ Պողոսյանի այնտեղ գտնվելու և վիճակի մասին։

Հիշեցնենք, որ ըստ ՊԲ հաղորդագրության՝ նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը շփման գծի արևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (10 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ):

*

*