Արտաշատում տարերային աղետի հետեւանքով բարդի է տապալվել

Կտրվել են հաղորդալարեր, վնասվել է հենասյուն:
patahar

Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում՝ «Կակտուս» խանութի դիմաց, այսօր մոտավորապես ժամը 15:15 րոպեին հուժկու քամու հետեւանքով շուրջ 13 մ բարձրությամբ բարդին ընկել է այնտեղ կայանած երկու Mercedes մակնիշի մեքենաների վրա:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանն ասաց, որ Ոստիկանությունից ահազանգ ստանալուց հետո անմիջապես դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը, փակել ճանապարհը եւ վնասազերծել մեքենաները:

Տարերային աղետի հետեւանքով կտրվել են հաղորդալարեր, վնասվել է հենասյուն: Դեպքի վայրում են եղել նաեւ շտապօգնության եւ ոստիկանության աշխատակիցները: Արտաշատի քաղաքապետարանի կանաչապատման բաժնի աշխատակիցները մասնատել են տապալված բարդին եւ մաքրել տարածքը: Տարերային աղետի հետեւանքով մարդկանց վնասներ չեն պատճառվել:
Լիլիթ Մաճկալյան

*

*