Առողջապահության նախարարը փորձել է մուտք գործել ՊՊԾ գնդի տարածք, թույլ չեն տվել

Զինված խումբն այսօր առավոտյան պատանդ է վերցրել շտապօգնության բժիշկներին, ըստ որոշ տեղեկությունների, պահանջելով անձամբ ՀՀ առողջապահության նախարարի ներկայությունը։
armen-muradyan

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր, քիչ առաջ, առանց փողկապի փորձել է մուտք գործել ՊՊԾ գնդի տարածք, որը հուլիսի 17-ից գրավված է զինված խմբի կողմից: Ինչպես հայտնի է,  այնտեղ գտնվող զինված խումբն այսօր առավոտյան պատանդ է վերցրել շտապօգնության բժիշկներին, պահանջելով անձամբ ՀՀ առողջապահության նախարարի ներկայությունը։

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, նա նպատակ է ունեցել քննարկել գնդի տարածքում վիրավորների բուժօգնության կազմակերպման և պատանդ բժիշկների ազատ արձակման հարցը:

«Իրավապահները, սակայն, թույլ չեն տվել, որ նախարարն այցելի տարածք: Նախարարն արդեն վերադարձել է»,- ասացին նախարարությունից:

Այս գիշեր ՊՊԾ գնդի տարածքում իրավիճակը լարվել է, եղել է փոխհրաձգություն, ինչի հետեւանքով վիրավորվել են զինված խմբի մի քանի անդամներ եւ մեկ ոստիկան։ Վիրավորներից երկուսը մնացել են գնդի տարածքում: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ են արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ են արել նաև հարազատները։ Ավելի ուշ զինված խմբի անդամները բժիշկ են պահանջել՝ նշելով, որ վիրավորների վիճակը ծանր է, և բուժբրիգադի ժամանումից հետո պատանդ են վերցրել բժիշկներին: Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար: «Շտապօգնության» բժիշկներն առաջարկել են ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի վիրավոր անդամներին տեղափոխել հիվանդանոց, սակայն նրանք մերժել են: Զինված խմբի անդամները պահանջել են, որ Առողջապահության նախարարը ներկայանա և տեղում վիրահատություններ կազմակերպվի:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները