«Իգլա»-ի գործով ձերբակալվել է Սամվել Բաբայանը

Արմեն Մարտիրոսյանը քիչ առաջ «Երկիրն այսօրի» հետ զրույցում հաստատեց լուրը...
samvel-babayan

ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը քիչ առաջ «Երկիրն այսօրի» հետ զրույցում հաստատեց լուրը, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին:

ԱԱԾ-ն այս մասին պարզաբանում խոստացել է հրապարակել ավելի ուշ։

Այսօր ավելի վաղ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որ  2017թ. մարտ ամսին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։

Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության  քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։    Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երկու անձ ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում զենքի (ռազմամթերքի) ապօրինի շրջանառությանն առնչություն ունեցած այլ անձանց հայտնաբերելու և գործի համար նշանակություն ունեցող  մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։

Ոչ պաշտոնական տեղեկություններով, այս գործի շրջանակներում էլ ձերբակալվել է Սամվել Բաբայանը:

Նշենք, որ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համակարգը նախատեսված է թռչող օբյետներ ոչնչացնելու համար։

*

*