Նորայր Հաջիյանը Արցախի «Երկրապահներից» էր

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է զոհված հերոսներից եւս մեկի անունը:
norayr-hajiyan-zoh-sahman-arcakh

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է զոհված հերոսներից եւս մեկի անունը: Ֆեյսբուքյան իր էջում նա գրում է.

«Նորայր Միքայելի Հաջիյան
ՀՀ «Երկրապահ» կամավորականների միության անդամ

Արցախի պաշտպանությանն առաջիններից մեկը կամավորագրվել է 2016թ. ապրիլի 2-ին, մարտական գործողություններին մասնակցել Թալիշի ուղղությունում, որտեղ և ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում զոհվել է հերոսի մահով։

Նորայր Հաջիյանը ծնվել է 1976թ. հուլիսի 17-ին, Բաքվում, լրագրողի ընտանիքում։ 1988թ. հայտնի իրադարձությունների պատճառով տեղափոխվել է Երևան։ 1992թ. դեկտեմբերից մինչև 1995թ. օգոստոսի վերջերը տարբեր կամավորական ջոկատների կազմում (ՙԱրամո-114՚ ԵԿ գումարտակ, Կորյուն Ղումաշյանի ԵԿ գումարտակ, ՙԱրծիվ-24՚ ԵԿ ջոկատ) մասնակցել է Հայաստանի պաշտպանությանը (Կոռնիձոր, Շուռնուխ) և Արցախի ինքնապաշտպանությանը (Լաչին, Քելբաջար, Օմարի բարձունք, Ղուբաթլու, Մարտակերտ)։
1997-1999թթ. ժամկետային զինծառայություն է անցել ԼՂՀ Պաշտպանության բանակում (Ասկերանի պաշտպանական շրջան)։
2015թ. օգոստոսին՝ Ադրբեջանի հերթական ագրեսիայի օրերին, կամավորագրվել և ակտիվորեն մասնակցել է Արցախի պաշտպանական մարտերին։

Ունի բարձրագույն կրթություն, ավարտել է Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։
Անձնագրային հաշվառման մեջ գտնվելով Երևանում, ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո մշտապես բնակվում էր Ստեփանակերտում։

Երկար տարիներ աշխատել է «Ղարաբաղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում, իսկ վերջին տարում՝ ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում։

Պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան»(04.05. 2007թ.), «Վազգեն Սարգսյան» (14.09.2011թ.), ԼՂՀ «Մայրություն» ՀԿ «Մայրական երախտագիտություն» (09.05.2009թ.) մեդալներով, ՀՀ «Արամազդ» հուշամեդալով, ԼՂՀ Նախագահի հրամանագրով (հետմահու)՝ «Մարտական ծառայություն» (05.04.2016թ.) մեդալով։

Ունի երկու որդի՝ 10 և 6 տարեկան»։

Ի դեպ, հավելենք, որ Նորայր Հաջիյանն Արցախյան ազատամարտի ընթացքում հայտնի լրագրող, այժմ ԼՂՀ ԱԺ լրատվության ծառայության ղեկավար Միքայել Հաջիյանի որդին է։

*

*