Մեխակի գինը Սուրբ Զատիկին կրկնապատկվել էր. ո՞րն էր թանկացման իրական պատճառը

Մեռելոցի օրերին հիմնականում վաճառվեցին Արարատյան դաշտավայրի ջերմոցատերերի աճեցրած մեխակները...

Սննդի անվտանգության պետական ծառայության մարտի 22-ի բացահայտումը կտրուկ բարձրացրեց շուկայում վաճառվող մեխակի գինը: Արգելվեց Հայաստանում վաճառել Թուրքիայից բերված այս ծաղկի մեծ խմբաքանակ:

«Ժամանակին 10, հետո 40, հիմա արդեն 200 դրամ: Թանկ է, բա ի՞նչ է: Ով ինչ ուզում, անում է»,- դժգոհում է քաղաքացին:

Ծաղիկ վաճառողները, սակայն, իրենց արդարացումն ունեն:

«Երբ դրսից են բերում, տեղականի համեմատ մի քանի անգամ էժան է լինում: Մի քանի օր չթողեցին բերել, դրա համար էլ թանկացավ»,- ասում է ծաղիկ վաճառողը:

Սննդի անվտանգության պետական ծառայությունում գների բարձրացումը չցանկացան հիմնավորել, իրենց աշխատանքի մեջ չի մտնում: Փոխարենը՝ պարզաբանեցին մարտի 22-ին Թուրքիայից Հայաստանի սահման հասած մեխակների վաճառքն արգելելու որոշումը: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ ներկրված մեխակի ողջ խմբաքանակը վարակված է վնասատու համարվող արեւմտյան ծաղկային թրիպսով:

Սա առաջին բացահայտումն է, եթե պարբերաբար նման որակի մեխակներ հայտնվեն՝ Հայաստանը իրավունք ունի դադարեցնելու ներկրումը:

Թեեւ պատճառաբանությունը հիմնավոր էր, բայց շատերն այս ամենի մեջ այլ ենթատեքստ էին տեսնում: Ինչո՞ւ նման բացահայտում արվեց Զատկի տոնակատարություններից մի քանի օր առաջ, ո՞վ այս օրերին ծաղիկների գների կտրուկ բարձրացումից շահեց, իսկ մի քանի օր անց կրկին շուկայում հայտնվեցին մատչելի գնով թուրքական մեխակները:

Մեր երկրում մեխակի վաճառքի բիզնեսն առանձին անհատների մենաշնորհն է: Փաստորեն, արգելելով դրսից բերած ծաղիկների վաճառքը՝ մեռելոցի օրերին հիմնականում վաճառվեցին Արարատյան դաշտավայրի ջերմոցատերերի աճեցրած մեխակները:

*

*