«Զանգի» հավելվածը կներկայացնի Հայաստանը «Mobile World Congress»-ում

Ամեն օր «Զանգի»-ին են միանում մի քանի տասնյակ օգտատերեր:
Հեռահաղորդակցության ոլորտի աշխարհի գրեթե բոլոր մեծ ու փոքր ընկերությունները փետրվարի 27-ին կհավաքվեն Բարսելոնայում` մասնակցելու միջազգային ամենախոշոր ՏՏ իրադարձություններից մեկին` «Mobile World Congress»-ին:  Տեսաձայնային և ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություններն այնտեղ են գնում գործարար կապեր հաստատելու, ինքնագովազդվելու, շփվելու, ոլորտի զարգացման միտումներին ծանոթանալու։

Հայաստանն այս տարի առաջին անգամ անմասն չի մնա հեռահաղորդակցական իրարանցումից ու  պատվիրակություն կուղարկի «Mobile World Congress»: Կոնգրեսին մասնակցելու է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանի խոսքով` կոնգրեսը հեռահաղորդակցության ոլորտի ամենաներկայացուցչական միջոցառումն է. «Եթե համեմատենք սպորտի հետ, «Mobile World Congress»-ը մոտավորապես օլիմպիական խաղերի մակարդակի միջոցառում  է»,- ասաց նա։

«Mobile World Congress»-ում այս տարի իր տաղավարը կունենա նաև հայկական արտադրության «Զանգի» հավելվածը: Ընկերության հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը նշեց, որ այն ստեղծվել է 2013-ին, իսկ հետագա տարիներին անընդհատ զարգացել: Այսօր «Զանգին» ժամանակակից սուրհանդակ է, որով կարելի է զանգել, հաղորդագրություններ ուղարկել և տեսազանգեր կատարել «iOS» և «Android» օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններից ու պլանշետներից:

Ընկերությունն  այսօր ունի 1 միլիոնից ավելի բաժանորդ. այդ թիվը շարունակաբար աճում է։ Ամեն օր «Զանգի»-ին են միանում մի քանի տասնյակ օգտատերեր:

«Ունենք տասնյակ կորպորատիվ հաճախորդներ։ Դրանք հեռահաղորդակցության օպերատորներ են 12 երկրից։ Առաջիկայում սպասվում է համագործակցություն հայաստանյան օպերատորներից որևէ մեկի հետ»,-հայտնեց Վահրամ Մարտիրոսյանը։

Հայաստանում «Զանգի»-ի մասին շատերը գիտեն, սակայն ընկերությունը միջազգային շուկայում ապրանքանիշը ճանաչելի դարձնելու խնդիր ունի: «Mobile World Congress»-ին մասնակցելու հիմնական նպատակներից մեկն էլ դա է:

«Մյուսը ուղիղ բիզնես նպատակներն են, այսինքն՝ հաճախորդներ ձեռք բերելը»,- նշեց ընկերության տնօրենը։

Անդրադառնալով կոնգրեսին նախարարի մասնակցությանը` նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը նշեց, որ համընթաց նախատեսվում են մի քանի կարևոր հանդիպումներ։

«Հուսով եմ, որ հանդիպումները կլինեն արդյունավետ և դրական ոչ միայն քաղաքական տեսանկյունից, այլև կնպաստեն ոլորտի զարգացմանն ու որպես բարձր տեխնոլոգիական երկիր՝ Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը»,- ընդգծեց Բորիս Դեմիրխանյանը։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում…

*

*