Երեւանում կպայքարեն փողոցային առեւտրի դեմ

Ապօրինի բացօթյա առեւտուրը վերջին շրջանում հասել է մեծ ծավալների․ Կամո Արեյան
bakayin-poxocayin-arevtur

Երեւանում կպայքարեն փողոցային առեւտրի դեմ: Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանն ասել է, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ապօրինի բացօթյա առեւտուրը վերջին շրջանում հասել է մեծ ծավալների, եւ հարկավոր է կտրուկ գործողությունների դիմել` ապօրինությունները կանխարգելելու համար:

Քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ընթացքում Արեյանն ընդգծել է, որ կան առեւտրի համար առանձնացված վայրեր, եւ քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան բաժինների խնդիրն է բացառել առեւտուրը դրա համար չնախատեսված վայրերում: Առավել եւս, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի պահանջներին համաձայն, կտրականապես արգելվում է մրգի, բանջարեղենի եւ այլ մթերքների բացօթյա վաճառքը:

Կամո Արեյանը նաեւ առաջարկել է արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրուկ միջոցներ ձեռնարկել Հանրապետության հրապարակում եւ այլ վայրերում անհայտ ծագման գազի բալոնների օգտագործումն արգելելու ուղղությամբ, քանզի դրանց օգտագործումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների:

Դրանց միջոցով տեղում որոշ տեսակի քաղցրավենիքների պատրաստումը եւ վաճառքն առաջացրել է մարդկանց առողջությանը սպառնացող հակահիգիենիկ իրավիճակ: Այդ առումով քաղաքապետի պաշտոնակատարն առաջարկել է նաեւ առողջապահության նախարարությանը եւ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը կտրուկ քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակը վերացնելու ուղղությամբ:

*

*