Հայաստանը 80 մլն եվրո վարկ է վերցնում՝ 15 տարվա մարման ժամկետով

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել վարկային համաձայնագրի նախագծին:
karavarutyun-nor
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 80 մլն եվրո արժողությամբ բազմաոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագրի նախագծին:
«Սա բյուջետային օժանդակության վարկ է, սա համահունչ է 2017 թ.-ի բյուջեի մասին օրենքում ամրագրված դեֆիցիտի ֆինանսավորման բյուջետային օժանդակության ցուցանիշին, որը 220 միլիոն է, ինչի 40 միլիոնը ծածկվելու է այս բյուջետային օժանդակության վարկով», — ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով՝ ընդհանուր 80 միլիոնը երկու տրանշից է բաղկացած՝ 40 միլիոնն այս տարի, մյուս 40 միլիոնը՝ 2018 թ.-ին:
«2018 թվականի նախագծի մեջ մենք արդեն արտացոլել ենք սա: Ոլորտները դա ջրային, կոշտ թափոնների կառավարման և գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների ներդրման ոլորտներն են, որի շրջանակում KfW-ն տրամադրում է շուրջ 8,3 միլիոնի տեխնիկական օժանդակության դրամաշնորհ», — նշել է նախարարը:
Վարդան Արամյանը նշեց, որ վարկը տրամադրվում է 15 տարով և 5 տարի արտոնյալ ժամանակահատվածով: «Տոկոսադրույքը 2,4 տոկոս է, էֆեկտիվ դրույքը՝ շուրջ 2,55 տոկոս»,-  հավելեց ՀՀ ֆինանսների նախարարը:

*

*