Վարդան Արամյան՝ հարկավոր է ազգովի մտածել բանակին հենարան լինելու մասին

Նախարարը խնդրեց սոցիալական խնդիրները չկապել բանակին աջակցելու համար պահվող հազար դրամի հետ:
aramyan-vardan

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կարծում է, որ բանակի հետ կապված պատասխանատվությունը բոլորինս է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ` խոսելով բանակին աջակցելու նպատակով աշխատավարձերից պահվելիք հազարական դրամի մասին, նա նշեց, որ ուզենք, թե չուզենք պետք է հաշվի առնենք մեր կիսապատերազմական վիճակը, հետևաբար հարկավոր է ազգովի մտածենք բանակին հենարան լինելու մասին: «Եթե որևէ զինվոր, Աստված մի արասցե, զոհվի կամ դառնա հաշմանդամ, մենք պետք է մի բան հաշվի առնենք, որ նա մեր անվտանգությունն է ապահովել, հետևաբար նման դեպքի տեղի ունենալը նշանակում է, որ նրա ընտանիքը զրկվում է ապագա եկամուտներից: Այդ պատճառով պետք է լինի ապահովագրական համակարգ, որն առաջիկա քսան տարում կկարողանա կորցված եկամուտները փոխհատուցել նրանց  ընտանիքներին»,-ասաց ՀՀ ֆինանսների նախարարը:

Վարդան Արամյանի խոսքով` մենք ավելի շատ այլ աղբյուրներից ենք եկամուտներ ակնկալում, սակայն բանակը բոլորիս համար նույնպես կարևոր է` անկախ մեր սոցիալական վիճակից և գտնվելու վայրից:

Նախարարը նաև նշեց, որ շատ են եղել հարցադրումներ ստվերային գործունեությունը ծավալելուց բացահայտված եկամուտների մուտքերն ուղղել բանակի աջակցության ուղղությամբ, սակայն դրանք հստակ եկամուտներ չեն կարող ապահովել, հետևաբար կվտանգեն ամբողջ ապահովագրական համակարգը: Արամյանը ամենակարևոր հանգամանքը համարեց այն, որ դրանք ժողովրդի փողերն են և պետք է լինեն տեսանելի, թափանցիկ, ընկալելի և շատ պարզ:

Անդրադառնալով սոցիալական խնդիրներին՝ նախարարը նշեց, որ դրանք միշտ էլ եղել են և կլինեն, քանի որ Հայաստանում մեկ շնչին տարեկան բաժին է ընկնում ընդամենը 3500 ԱՄՆ դոլար եկամուտ: «Նույն սոցիալական խնդիրները լինելու են, եթե նույնիսկ տարեցտարի մենք ունենանք տասը տոկոս աճ: Քանի որ ուզենք, թե չուզենք մեր կյանքի ապահովագրության շեմը դեռ ցածր է: Հակառակ դեպքում մենք կլինեինք հարուստ երկիր»,- ասաց նա:

Վերջում նախարարը խնդրեց սոցիալական խնդիրները չկապել բանակին աջակցելու համար պահվող հազար դրամի հետ: «Այս համակարգը ցույց է տալիս, թե որքանով է մարդը պատասխանատվություն զգում իր բանակի նկատմամբ: Այս ամենին նայենք որպես քաղաքացի, ոչ թե որպես  եկամուտ ունեցող, քանի որ որպես  եկամուտ ունեցող կա նաև կամավորության սկզբունքը»,-ընդգծեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

*

*