Գյուղերում կադրերի խնդրից մինչեւ գյուղատնտեսություն. վարչապետը պահանջում է կոնկրետ ծրագրեր

«Ոլորտ-ոլորտ ում դուխը հերիքում ա՝ խոսի: Ընդ որում, չեմ վախեցնում, ուղղակի ինքն իր երազանքը թող ձեւակերպի»,- ասաց վարչապետը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը Տավուշի մարզում է՝ պարզելու՝ համայնքների զարգացման հետ կապված ինչ երազանքներ ու ծրագրեր ունեն ղեկավարները:

«Ոլորտ-ոլորտ ում դուխը հերիքում ա՝ խոսի: Ընդ որում, չեմ վախեցնում, ուղղակի ինքն իր երազանքը թող ձեւակերպի, որ մենք էլ հասկանանք՝ ոնց գնանք առաջ»,- ասաց վարչապետը:

Երազանքներ ունեն, բայց ինչպես հասնել դրա իրականացմանը՝ շատերը չգիտեն: Համայնքների ղեկավարներն ու մարզպետարանի աշխատակիցները ներկայացնում են խնդիրները: Վարչապետը պահանջում է կոնկրետ ծրագրեր. պատրաստ են աջակցել լավ գաղափարների իրագործմանը, բայց համայնքների զարգացումը տավուշցիներից է կախված: Կարեն Կարապետյանն ասում է՝ սահմանամերձ գյուղերին հատուկ վերաբերմունք են ցույց տալիս, այստեղ բիզնեսի լեզվով չես խոսի: Նավուրի համայնքապետը դժգոհում է՝ բազում ծրագրեր են արել, արդյունք չի տվել:

«Ուրեմն լավ ծրագրեր չեն եղել»,- հակադարձում է վարչապետը:

«Երբ արտադրանքը գումար չի դառնում, գյուղացիները հիասթափվում են»,- ասում է Արամ Նիգոյանը: Հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, արտադրանքն իրացնել չեն կարողանում:

«Անասնապահության բնագավառում միս ենք արտադրում, ոչ ոք չի առնում»,- նշեց Նավուրի համայնքապետ Արամ Նիգոյանը:

-«Եթե բան եք արտադրում, որի վաճառքը ճգիտեք՝ ոնց անեք, մի արտադրեք»,- հակադարձեց վարչապետը:

Հարց հնչեց. Ինչո՞վ զբաղվենք:

Պատասխանը՝« Մտածեք ինչով պիտի զբաղվեք, դրա շուկան լինի: Բայց որ ասում եք՝ ես իմ մասով արել-պրծել եմ, հիմա եկեք իմ արտադրանքը ծախեք, ո՞վ է գալու ձեր փոխարեն ծախի»:

«Մենք զորամաս ունենք, որի մսի մատակարարման համար տենդեր է հայտարարվում: Հիմա մենք չե՞նք կարող էդ միսը իրացնենք»,- հարցրեց Արամ Նիգոյանը:

«Այ էս մարդավարի եղավ: Էդ ծրագրերը կազմում ենք, հետո ագրեգացիա ենք անում մարզի զարգացումը, ու նստում ենք թուղթ ու գրիչով խոսում ենք»,- պատասխանեց Կարեն Կարապետյանը:

Տավուշի մարզպետն ասում է՝ շոշափելի ձեռքբերումներ ունեն գյուղատնտեսության ոլորտում: Խորհրդային տարիներին 32 հազար տոննա միրգ ու բանջարեղեն էին վերամշակում: Եթե ներդրումներ լինեն, գործարաններ բացվեն, այսօր էլ հաջողության կհասնեն: Վարչապետը նկատեց՝ Դիլիջանում եկամտաբեր են հանգստի գոտիները, հյուրանոցային գործը: Բայց պահանջարկն առաջարկից շատ է: Դիլիջանի քաղաքապետն ասաց, որ այդ բացը լրացնում են հյուրատները: Շատ դիլիջանցիներ իրենց տներում են հյուրընկալում զբոսաշրջիկներին: Աջակցության դեպքում հյուրատների թիվը կավելանա:

«Եթե ինչ-որ հիմնադրամ լինի, թեկուզ ցածր տոկոսով վարկ տրամադրվի, մարդիկ իրենց բնակարանները մի փոքր բարեկարգեն, իրենց բիզնեսը ստեղծեն…»,- ասաց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:

«Էստեղ տիկին Զեյթունցյանն է, որը շատ մեծ փող ունի տուրիզմի զարգացման համար: Ձեր տուրիստական ծրագրերը բերեք, իրեն շահագրգռեք, որ ինքն այդ վարկային ծրագրերը բերի ձեզ մոտ: Մտածեք, նաեւ ձեր ֆոնդը ստեղծեք»,- պատասխանեց վարչապետը:

«Տավուշ մարզի ունեւորի երեխան եթե հիվանդանում է, էստե՞ղ է բուժվում, թե՝ Երեւանում»,- հարցրեց վարչապետը մարզպետարանի պատասխանատուին: «Երեւանում»,- պատասխանեց: Գլխավոր խնդիրը մասնագետների պակասն է: Բերդում, օրինակ, վերանորոգված հիվանդանոց կա, բայց բժիշկներ չունեն: Կադրերի խնդիրը միայն բուժհաստատություններինը չէ: Ուսուցչի 84 թափուր աշխատատեղ ունեն, լրացնել չեն կարողանում, հատկապես՝ սահմանամերձ գյուղերում: Կարեն Կարապետյանն առաջարկեց՝ բացը լրացնել հենց տավուշցիներով. վճարել մարզի ուսանողների ուսման վարձը՝ պայմանով, որ վերադառնան գյուղ՝ աշխատելու:

«Էդ ավելի էժան ա նստելու, քան դու ինձ ասես՝ փող տուր, բնակարան վարձի, Երեւանից մեկին ուղարկի, որ գա Տավուշի մարզ, դաս տա: Ավելի էժան չի՞ էստեղի մարդուն համ կրթենք, համ էլ աշխատանք տանք, համ էլ ինքը տնից-տեղից չկտրվի»,- նշեց վարչապետը:

2 ժամ տեւած հանդիպման ավարտին Կարեն Կարապետյանն ասաց, որ ակնկալում է մինչեւ տարեվեջ ստանալ բոլոր համայնքների զարգացման ծրագրերը: Քննարկելու եւ առաջնահերթությունը տալու են հեռանկարային ծրագրերին, որոնց իրականացման համար համայանքները կառավարության աջակցությունն ակնկալելուց բացի պատրաստ են իրենց վրա բեռ վերցնել:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները