Վարչապետը հանձնարարեց տոնական և նախատոնական օրերին աշխատանքային գրաֆիկ սահմանել

Այդ օրերին ակտիվանում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողների գործունեությունը․․․

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարեց տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայության և առևտրային բանկերի աշխատանքային գրաֆիկ սահմանել: Ըստ նրա՝ իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ տոնական և նախատոնական օրերին կտրուկ ակտիվանում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողների գործունեությունը, ընդլայնվում են ներմուծման ու արտահանման ծավալներն ու հաճախականությունը, ֆիզիկական անձինք առավել հաճախ են հատում մաքսային սահմանը:

«Այդ իսկ պատճառով՝ անհրաժեշտ է ապահովել տոնական և նախատոնական օրերին արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող գործարարներին ու քաղաքացիներին մաքսային մարմնի, ինչպես նաև առևտրային բանկերի կողմից համապատասխան ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումները ժամանակին, առանց ընդհատումների և պատշաճ մակարդակով կազմակերպումը»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Կենտրոնական բանկի նախագահին, դեկտեմբերի 2-ից սկսած՝ մինչև հունվար ամսվա տոնական օրերի ավարտը, տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով՝ շաբաթ, կիրակի և տոնական օրերին բոլոր մաքսատներում, ինչպես նաև առևտրային բանկերում սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն՝ նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան:

*

*