Վարչապետը հանձնարարեց գրավի իրացման հստակ ժամկետներ սահմանել

Գրավի իրացման գործընթացում հայեցողության բավականին լայն շրջանակ է ընձեռված:
karen-karapetyan

Գործող օրենսդրական կարգավորումները բանկերին և վարկային կազմակերպություններին գրավի իրացման գործընթացում ընձեռում են հայեցողության բավականին լայն շրջանակ: Կառավարության նիստին այս մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նրա խոսքով, Հայաստանում առկա չէ բռնագանձման ծանուցումը գրավավատանը հանձնելուց հետո այդ գործընթացը սկսելու հստակ ժամկետ: Սա խիստ մտահոգիչ է, քանի որ այն դեպքերում, երբ գրավի առարկայի արժեքը գերազանցում է դրամով ապահոված պարտավորության չափը, բանկերը, կամ վարկային կազմակերպությունները հնարավորություն ունեն և որոշ դեպքերում չեն իրացնում գրավի առարկան մինչև այն պահը, երբ պարտավորության խախտման հետևանքով հաշվեգրվող տուգանքների շնորհիվ վարկառուի պարտքի չափը կհավասարվի կամ նույնիսկ կգերազանցի համապատասխան գրավի առարկայի արժեքը։

«Այս իրավիճակը բացառելու նպատակով հանձնարարում եմ Արդարադատության նախարարին մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն գրավի առարկայի իրացման գործընթացը հստակ ժամկետներում իրականացնելու և դրա խախտման դեպքում համապատասխան տուգանքների դադարեցման մեխանիզմների վերաբերյալ»,-նշեց վարչապետը:

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*