Թուրքիայում զոհերի թիվն ավելանում է. հաղորդվում է 36 զոհի եւ 197 վիրավորի մասին

Տաքսիով օդանավակայան հասած երեք մահապարտներից մեկը ինքնաձիգը գործի է դրել մինչեւ շենք մտնելը:

Թուրքիայում, Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում, ահաբեկչական գործողություններն իրականացրել է «Իսլամական պետությունը»։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետը՝ հիմնվելով նախնական տվյալների վրա։ Այս պահին զոհերի եւ վիավորների թիվն ավելացել է։ Հաղորդվում է 36 զոհի եւ 197 վիրավորի մասին, որոնցից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Ըստ վարչապետի՝ տաքսիով օդանավակայան հասած երեք մահապարտներից մեկն ինքնաձիգը գործի է դրել մինչեւ շենք մտնելը, ապա կիրառել է մահապարտի գոտին։ Մյուս երկուսը ներս խուժելուց եւ կրակահերթեր արձակելուց հետո պայթեցրել են իրենց հենց սպասասրահում։ Ոստիկանները փորձել են կանգնեցնել նրանց։

Թուրքական որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ օդանավակայանի տարածքում եղել է ահաբեկչության հետ կապ ունեցող յոթ անձ։ Օդանավակայանը շուրջ 5 ժամ փակվել է բոլոր տեսակի թռիչքների համար: Դադարեցվել է նաեւ դեպի օդանավակայան տանող ճանապարհների երթեւեկությունը: Զոհերի եւ վիավորների թվում, համաձայն Հայաստանի արտգործնախարարության, մեր երկրի քաղաքացիներ, բարեբախտաբար, չկան։

Ուշագրավ է, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացնող հայտարարություն էր արել՝ հիշեցնելով Թուրքիայում հնարավոր ահաբեկչական վտանգների մասին:

Ահաբեկչության մասին արդեն խոսել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կոչ անելով ողջ աշխարհին՝ ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հարցում հստակ դիրքորոշում ցուցաբերել:

Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի ահաբեկչությունն այս տարվա ընթացքում չորրորդ ահաբեկչական գործողությունն է Ստամբուլում: Այս տարվա առաջին ահաբեկչությունը տեղ էր ունեցել հունվարի 12-ին Սուլթանահմեդի հրապարակում, զոհվել էր 11 մարդ: Այնուհետեւ, մարտի 19-ին Իսթիքլալ պողոտայում մահապարտ գործի էր դրել պայթուցիկը, զոհվել էր 5 մարդ: Հունիսի 7-ին մետրոյի Վեզնեջիլեր կայարանի մոտ պայթուցիկով բեռնավորված մեքենայի պայթյունից զոհվել էր 12 մարդ:

 

*

*