ՏՄՊՊ-ն մի շարք խախտումներ է արձանագրել

Կարագի փոխարեն սփրեդ, իսկ թթվասերի եւ կաթնաշոռի փոխարեն էլ՝ բուսական յուղերով պատրաստված արտադրանք:
tmpph

Կարագի փոխարեն սփրեդ, իսկ թթվասերի եւ կաթնաշոռի փոխարեն էլ՝ բուսական յուղերով պատրաստված արտադրանք. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խախտումներ է հայտնաբերել պետական գնումների համակարգում ընդգրկված մի շարք կառույցներում: Ուսումնասիրությունը կատարվել է այս տարվա գարնանը՝ ընդգրկելով 2018-ին պետական գնումները, մասնավորապես՝ ուսումնասիրվել է մանկատներին, գիշերօթիկ դպրոցներին, հոգեբուժարաններին, քրեակատարողական եւ այլ հիմնարկներին սննդամթերք մատուցող ընկերությունների արտադրանքը:

Ստուգվել են փաստաթղթերը, արտադրանքն էլ լաբորատոր փորձաքննության է հանձնվել: Եղել են դեպքեր, երբ մակնշումը ճիշտ է եղել, սակայն լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ ապրանքի վրա գրվածը չի համապատասխանում իր իրական բնութագրին:

Մի շարք դեպքերում էլ ապրանքի փաթեթավորման վրա հստակ նշված է եղել, որ այն հանդիսանում է ոչ թե թթվասեր, այլ թթվասերային արտադրանք: Այս դեպքում պատասխանատվության են ենթարկվելու նաեւ գերատեսչությունների մի շարք աշխատակիցներ, որոնք անտեսել կամ չեն նկատել այդ հանգամանքը: Որոշ ընկերություններ նախազգուշացվել են, մյուսների նկատմամբ կիրառվել է ֆինանսական պատժամիջոց՝ 3-ից 15 մլն դրամի չափով:

*

*