Թեհրանում իր դռները կբացի «Հայաստան էքսպո 2016» ցուցահանդեսը

Կներկայացվեն հայկական սննդի, ոսկերչության, տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային, ապահովագրության, եւ այլ ոլորտների շուրջ 80 ընկերությունների ապրանքներ ու ծառայություններ:
tehran-expo

Հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում իր դռները կբացի «Հայաստան էքսպո 2016» ցուցահանդեսը: Միջոցառումն, ըստ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանի, միջոց է իրանցի գործարարներին բացահայտելու, մեր երկրի միջոցով նոր շուկաներ դուրս գալու առավելությունները: «Հայաստան Էքսպո 2016»-ին կներկայացվեն հայկական սննդի, ոսկերչության, տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային, ապահովագրության, եւ այլ ոլորտների շուրջ 80 ընկերությունների ապրանքներ ու ծառայություններ:

Հայտերի ընդունումը շարունակվում է մինչեւ սեպտեմբերի 20-ը: Ընկերություններին տաղավարն անվճար կտրամադրվեն, անվճար է նաեւ բեռնափոխադրումը: Մյուս ծախսերը հոգալու են մասնակիցները: Իրանական ապրանքներին ու ծառայություններին նվիրված ցուցահանդեսն էլ Երեւանում կանցկացվի 2017թ.:

«Հուսով եմ նաեւ, որ ցուցահանդեսի ընթացքում հայ եւ իրանցի ձեռներեցների միջեւ նոր գործարար կապեր կհաստատվեն, կքննարկվեն ներդրումային ծրագրեր, որոնք ներկայացվելու են ցուցահանդեսի շրջանակում»,-ասում է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը:

«Կարծում եմ՝ այսօր առկա են բոլոր նախապայմանները, որոնք կարող են մեծացնել Իրանի եւ իրանական շուկայի նկատմամբ հայկական բիզնեսի հետաքրքրությունը: Դրանց շարքին են դասվում Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, որպես դրա արդյունք՝ եվրոպական, ռուսական եւ այլ երկրների կողմից Իրանի հանդեպ օրեցօր մեծացող հետաքրքրությունը, ԵՏՄ-Իրան համագործակցության ընդլայնումը եւ առեւտրի հնարավոր ազատականացումը»,- նշում են ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյան:

*

*