Սյունիքի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

Սյունիքի մարզում ներդրումային ծրագրերի մասին
syuniq-marzpet

ՀՀ Սյունիքի մարզում հուլիսի 29-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

Մարզպետը վարչապետ Կարապետյանին զեկուցել է Սյունիքի մարզում ներդրումային ծրագրերի ընթացքի վերաբերյալ, որոնցից մի քանիսն արդեն ավարտին են մոտենում: Մասնավորապես, Կապանի օդանավակայանի վերագործարկման ծրագրի շրջանակում արդեն ձեռք է բերվել ինքնաթիռը (5.5 մլն ԱՄՆ դոլար), ընթացքի մեջ են ընդհանուր շենքի շինարարական աշխատանքները (2.5 մլն ԱՄՆ դոլար), և նախատեսվում է 2018 թ. մայիս-հունիս ամիսներին ավարտել օդանավակայանի կառուցումը:

Ավարտվել են շուրջ 500.000 ԱՄՆ դոլար ներդրումային արժեքով իտալական պիցցայի գործարանի կառուցման աշխատանքները, որն ապահովելու է շուրջ 100 աշխատատեղ, և որի արտահանման հիմնական շուկան լինելու է Իրանը:

2018 թ. հունվարի վերջից մարզի Գեղի համայնքում կսկսի աշխատել ևս մեկ գործարան՝ մոտ 500.000 ԱՄՆ դոլար ներդրումային արժողությամբ տրիկոտաժի ֆաբրիկան, որը ևս ապահովելու է 100 աշխատատեղ, իսկ արտադրանքն արտահանվելու է Ուկրաինա: Ներկայում բանակցություններ են ընթանում նաև իտալացի գործընկերների հետ՝ Կապան քաղաքում տրիկոտաժի մեծ արտադրություն բացելու նպատակով. այն ապահովելու է 600-ից ավելի աշխատատեղ:

Դեկտեմբերի երկրորդ կեսին Կապանում բացվելու են մուլտիբրենդային աութլեթ խանութների համալիրը և ժամանակակից տեխնիկայով հագեցած կինոթատրոն: Մարզպետը նշել է, որ 2017 թ. ներդրումների ծավալը գերազանցում է 10 մլն ԱՄՆ դոլարը, իսկ 2018 թ. նախատեսվում է կրկնապատկել այդ թիվը: Վահե Հակոբյանը նշել է, որ մարզում ակտիվ գործունեություն է ծավալում նաև Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամը, որը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրամի հետ համատեղ մարզում 2.5 մլրդ ՀՀ դրամին համարժեք սոցիալական բնույթի ծրագրեր է իրականացրել:

Մանրամասները՝ այստեղ:

*

*