Սուպերմարկետները դիմում են վարչապետին՝ գյուղմթերքի գների կայունությունը հայտնվել է ռիսկի տակ

Մթերային ցանցային խանութները հանդես են եկել հայտարարությամբ․․․
supermarket-mterq

Մթերային ցանցային խանութները հանդես են եկել հայտարարությամբ՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում մտահոգություն են հայտնել, որ խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը հայտնվել է ռիսկի տակ։

Հայտարարությունը մեջբերում ենք ստորև.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Ողջունում ենք ՀՀ կառավարության կողմից որդեգրած առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը:

Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ` հաշվի առնելով մի շարք սկզբունքային հանգամանքներ:

Մթերային ցանցային խանութները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թույլատվությամբ բացել են Ա/Ձ-ներ և գյուղմթերքի շրջանառությունը իրականացրել են այդ Ա/Ձ-ների միջոցով, որի համար սահմանվել է 5 տոկոս շրջանառության հարկ:

Օրինակ, եթե գյուղմթերքը գյուղացուց գնվել է 1,000 ՀՀ դրամով և վաճառվել 1,100 ՀՀ դրամով, հարկային մարմին որպես շրջ. հարկ վճարվել է 55 ՀՀ դրամ, իսկ եթե ցանցերը գործունեություն ծավալեին առանց Ա/Ձ-ների, ապա վերջիններս պետք է ընդհանուր գնից վճարեին 20 տոկոս ԱԱՀ, ինչն անթույլատրելի է, քանի որ ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը կրելու էր սպառողը, ինչն էլ իր հերթին կբերեր գյուղմթերքի բավական անհիմն թանկացումների: Ստացվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն գյուղմթերքի դիմաց ցանցերի շահույթի զգալի մասը արդեն իսկ գանձել է և հիմա պահանջում է ևս 20 տոկոս հարկի վճարում նախկին շրջանառությունից, որը ցանցերը չեն աշխատել:

Վերը նշվածը կարող է հանգեցնել այլ երկրներից ներկրվող գյուղմթերքի էական քանակի ավելացմանը ի վնաս տեղական շուկայի: Վտանգված է նաև թե առևտրային ցանցերի անցնցում գործունեությունը, թե աշխատատեղեր ապահովելու խնդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ցանցերում աշխատում են շուրջ 10,000 քաղաքացիներ:

Ուստի առաջարկում ենք համապատասխան օրենսդրական լուծումներ նախաձեռնել խնդրո առարկայի վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք կազմակերպել հանդիպում առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ հնարավորինս սեղմ ժամկետներում` թանկացումներից խուսափելու և ստեղծված իրավիճակը քննարկելու համար»:

Հայտարարությունը ստորագրել են մի շարք խոշոր սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչներ։

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանց` Հայկ Իսրայելյան,

«Նոր Զովք» սուպերմարկետների ցանց` Արամ Արամյան,

«Կրպակ» սուպերմարկետների ցանց` Սիմոն Խաչատրյան,

«Կայզեր» սուպերմարկետների ցանց` Պարթև Պետրոսյան,

«Սաս Գրուպ» սուպերմարկետների ցանց` Ստեփան Սահակյան,

«Պարմա» սուպերմարկետների ցանց` Աշոտ Կարապետյան,

«Ծիրան» սուպերմարկետների ցանց` Արման Գալստյան,

«Էվրիկա» սուպերմարկետների ցանց` Թեմուր Ուսուբով,

«Վաս գրուպ» սուպերմարկետների ցանց` Սամվել Ղազարյան,

«Դանիելյան» սուպերմարկետ` Տիգրան Դանիելյան,

«Շիրակ» խանութների ցանց՝ Գոռ Գևորգյան։

*

*