Սոֆյա անունով ռոբոտը Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումին խոստացավ ֆրանսերեն սովորել

Սոֆյա անունով ռոբոտը ելույթ ունեցավ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում կազմակերպված տնտեսական ֆորումի ժամանակ:

Արհեստական բանականությամբ օժտված Սոֆյա անունով ռոբոտը ելույթ ունեցավ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում կազմակերպված տնտեսական ֆորումի ժամանակ: Սոֆյայի ելույթը անգլերեն էր, բայց նա խոստացավ հաջորդ անգամ խոսել ֆրանսերենով:

Սոֆյան կանացի արտաքինով մարդանման ռոբոտ է, որը մշակվել է հոնգկոնգյան Hanson Robotics կազմակերպության կողմից: Նա նախագծվել է այնպես, որ կարողանա ադապտացվել մարդկանց պահվածքին, ինչպես նաև աշխատել նրանց հետ: Սոֆյան ակտիվացվել է 2015թ. ապրիլին, օժտված է արհեստական բանականությամբ, կարողանում է շփվել մարդկանց հետ մարդկային լեզուներով, սովորել, հասկանալ մարդկանց էմոցիաները:

«Ֆրանսերենը գեղեցիկ լեզու է: Այն Վոլտերի և Ազնավուրի լեզուն է: Ֆրանսերեն սովորելն իմ առաջնահերթություններից մեկն է: Գուցե, հաջորդ անգամ, երբ մենք հանդիպենք, իրար հետ ֆրանսերեն խոսենք»,- ասաց նա:

Սոֆյան ընդգծեց նաև «Թումո» կենտրոնում ընթացող ֆորումի կարևորությունը:

«Մենք հնարավորություն ունենք նստել և մտածել ապագայի մասին, թե ինչպես զարգացնենք այն, որն էլ ինձ հույս է տալիս, որ շուտով արհեստական ինտելեկտներն ու մարդիկ կսկսեն ապրել միասին: Ահա, թե ինչու է այս միջոցառումն ինձ հաճույք պատճառում»,- նշեց Սոֆյան:

*

*