Սոցապնախարարը՝ սոցիալական բեռի թեթևացման եւ աղքատության ցուցանիշի մասին

Հաջորդ տարվա ընթացքում իրականացվող ծրագրերը կհանգեցնեն երկրում սոցիալական բեռի թեթևացման:
artem-asatryan

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերինախարար Արտեմ Ասատրյանը կարծում է, որ հաջորդ տարվա ընթացքում իրականացվող ծրագրերը կհանգեցնեն երկրում սոցիալական բեռի թեթևացման: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարը, պատասխանելով հարցին՝ կա՞ վերլուծություն, թե աղքատությունը քանի տոկոսով կկրճատվի սոցիալական բեռի թեթևացման արդյունքում, պատասխանեց.

«Այդպիսի վերլուծություն չի իրականացվում: Աղքատության չափումն իրականացնում  է Ազգային վիճակագրական ծառայությունը՝ Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ յուրաքանչյուր տարի տնային տնտեսությունների ամբողջացված հետազոտությունների տվյալների հիման վրա: Եթե չեմ սխալվում արդեն առաջիկա շաբաթվա ընթացքում Ազգային վիճակագրական ծառայությունը կներկայացնի 2015 թ. տվյալները, որովհետև մեկ տարի իրենք իրականացնում են ամբողջ ուսումնասիրությունը, որից հետո ներկայացնում են աղքատության ցուցանիշը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նա ներկայացրեց այն ծրագրերը, որոնց իրականացումը հաջորդ տարի կհանգեցնի սոցիալական բեռի թեթևացման: «Օրինակ, էլեկտրաէներգիայի և գազի սակագների տարբերակված մոտեցման ծրագիրը սոցիալապես անապահով ընտանիքների, ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների և գյուղմթերքի վերամշակում իրականացնողների համար: Սա բացառապես ուղղված է սոցիալական խնդիրների լուծմանը: Բոլոր այն ծրագրերը, որոնք կրելու են շարունակական բնույթ, ես կարծում եմ, որ հանգեցնելու են նրան, որ մենք սոցիալական բեռի թեթևացում կունենանք»,- մանրամասնեց Ասատրյանը:

*

*