Ամանորին մթերքների բարձրացված գները տոներից հետո կտրուկ իջել են

Այս տարի հայ սպառողները Ամանորի նախօրեին սահմանափակվել են միայն սնունդի վրա ծախսելով:
msamterq

Այս տարի հայ սպառողները Ամանորի նախօրեին սահմանափակվել են միայն սնունդի վրա ծախսելով: Այս մասին լրագրողներին ասել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Նրա խոսքով՝ մի քանի տարի առաջ տոնի նախօրյակին եւ՛ մեքենաների, եւ՛ կենցաղային տեխնիկայի աշխույժ առեւտուր էր կատարվում, իսկ այժմ մարդկանց միջոցները բավականացնում են միայն տոնական սեղանի համար: Համենայնդեպս, կենցաղային տեխնիկայի խանութների կամ ավտոսրահների մոտ գովազդային խոշոր արշավներ չեն եղել:

Ինչպես եւ սպասվում էր գների հիմնական բարձրացումները եղել են մրգերի, բանջարեղենի ապրանքախմբերում, սակայն տոներից հետո, ըստ Չիլինգարյանի, այս ապրանքները կտրուկ էժանացել են: Բացի այս, նախորդ տարիների համեմատ ժողովրդի գնողունակությունն ընկել է: Ամանորյա եռուզեռը հիմնականում սուպերմարկետներում է եղել, սովորական խանութներում նախատոնական օրերը չեն տարբերվել սովորական օրերից: Հիմա էլ վաճառողները ստիպված գներն իջեցրել են, որպեսզի իրենց ապրանքը չփչանա:

Իսկ գնային տատանումները Չլինգարյանը պատճառաբանում է այն հանգամանքով, որ մեզ մոտ շուկայական հարաբերությունները կարգավորող մարմին չկա: Գնային վեկտորն էլ կարգավորում են այն տնտեսվարողները, որոնք որոշակի դիրք են գրավում շուկայում:

 

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*