GSP-ի արտոնյալ համակարգը մեծ հնարավորություն կընձեռի հայկական ապրանքների տարածման համար

Արծվիկ Մինասյանը համոզված է, որ արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP) օգտվելու դեպքում Հայաստանն իր տնտեսական քաղաքականությամբ գրավիչ կդառնա Եվրոպայի համար։

Շվեյցարական GSP արտոնյալ համակարգը կարող է լայն հնարավորություններ ընձեռել հայ գործարարների համար՝ հայկական ապրանքները զրոական կամ էականորեն նվազեցված մաքսատուրքերով ներմուծվեն Շվեյցարիա, այնուհետեւ տարածվեն նաեւ եվրոպական այլ երկրներ։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպված սեմինարի նպատակն էր պարզել հայ-շվեյցարական առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերը նկատել է, որ վերջին 20 տարիների ընթացքում հայ-շվեյցարական առեւտրային հարաբերությունները բարելավվել են, սակայն առեւտրատնտեսական շրջանառության մեջ մեծ մասը պատկանում է Շվեյցարիային, քանի որ Շվեյցարիայից Հայաստան ներկրվող ապրանքներն ավելի շատ են, քան հակառակաը:

«Շվեյցարիան ունի GSP արտոնյալ ռեժիմը, որը տրամադրվում է բոլոր արդյունաբերական ապրանքներին ու շատ գյուղատնտեսական ապրանքներին: Արտոնյալ ռեժիմը տրամադրվում է մաքսատուրքը նվազեցնելու կամ մաքսատուրքից ազատելու եղանակներով, ինչը նշանակում է, որ հայկական ապրանքները կարող են մրցակցել շվեյցարական շուկայում` առաջարկելով ավելի ցածր վաճառքի գին: Հայաստանը ունի ներուժ` արտադրելու որակյալ արտադրանք եւ տեղ գտնել շվեյցարական շուկայում»,- ասաց Լուկաս Գասսերը:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն էլ համոզված է, որ GSP համակարգից օգտվելու դեպքում Հայաստանն իր տնտեսական քաղաքականությամբ գրավիչ կդառնա Եվրոպայի համար։

«Անդամակցելով ԵԱՏՄ-ին, տպավորություն ստեղծվեց, թե Հայաստանը թուլացրել է իր առեւտրատնտեսական կապերը եվրոպական երկրների հետ։ Դա այդպես չէ։ Թե´ ԵՄ- ը, թե´ առանձին երկրներ, ինչպիսին նաեւ Շվեյցարիան է, ունեն արտոնյալ պայմաններ Հայաստանի ապրանքներ արտադրողների եւ ծառայություններ մատուցողների համար»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

*

*