Արևն ու ջուրը Շիրակի մարզից, տեխնոլոգիաները՝ այլ երկրներից — Երկիր Մեդիա

Արևն ու ջուրը Շիրակի մարզից, տեխնոլոգիաները՝ այլ երկրներից

Շվեյցարիայից ներմուծվել են մեղուներ՝ բնական միջավայր ստեղծելու նպատակով
shirak

Արթիկի տարածաշրջանում մոտ 3 հա տարածքի վրա «Green food» ՍՊԸ-ին պատկանող՝ ֆրանսիական կոնստրուկցիաներով նորահիմն ջերմոցում աճեցվում է անգլիական «Ալպիոն» սորտի ելակ: Կաթիլային եղանակով՝ ժամանակակից վերջին տեխնոլոգիաներով գործող ջերմոցում աճեցված ելակը յուրահատուկ է ոչ միայն նրանով, որ անգլիական սորտը ներկրված է Հոլանդիայից, հողին փոխարինում է Շրի Լանկայից ներմուծված կոկոպիտը՝ կոկոսի մազիկները, այլև Շվեյցարիայից ներմուծվել են մեղուներ՝ բնական միջավայր ստեղծելու նպատակով՝ խուսափելով քիմիական նյութերի օգտագործումից: Այսպիսով ստացվում է բիոլոգիական մաքուր ելակ: Տեղական միայն ջուրը, արևն ու աշխատուժն է՝ կատակում են աշխատակիցները: Նման եղանակով բերքի արդյունավետությունն է նաև մեծ՝ մոտ 5 անգամ: 

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը փետրվարի 10-ին այցելեց ջերմոց, շրջեց, ծանոթացավ իրականացվող աշխատանքներին և նշեց, որ սա մարզում ավանդականից  ինտենսիվ գյուղատնտեսության անցման լավագույն օրինակն է: «Սա առաջին օրինակն է, կատարվել է մեծ ներդրում ՝ սածիլները, սարքավորումները, նույնիսկ մեղուներն են դրսից բերված, ուզում եմ շնորհակալություն հայտնել ներդրողներին այս համարձակ ու հիանալի ձեռնարկի համար։ Այս օրինակը շատ ոգևորիչ է, սրանով ցույց ենք տալիս, որ կարելի է փոխել այն կարծրատիպը, թե Շիրակի մարզը միայն ցորենի, գարու ու կարտոֆիլի մարզ է, այսուհետ մարզը նաև օրգանական ելակ արտահանող մարզ է լինելու: Սրանով գյուղատնտեսությունը ոչ միայն գոյության աղբյուր է համարվում, այլ բավականաչափ բարեկեցիկ կյանքի միջոց: Իմ նպատակն այն է, որ Շիրակի մարզի մասին խոսելով չհասկանանք միայն ցորեն ու կարտոֆիլ, այլև անցնենք բարձրարժեք գյուղատնտեսության»,-նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ հույս հայտնելով որ այս քայլին կհետևեն նաև այլ ներդրողներ։

«Green food» ՍՊԸ ջերմոցների տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ սա ընկերության առաջին նախագիծն է, բայց ցանկություն կա գործունեությունն ընդլայնելու, իսկ թե ինչպես՝ ցույց կտա առաջին բերքահավաքը և վաճառքի քանակը: «Բերք սպասում ենք առաջիկա 2 շաբաթների ընթացքում: Տեղում սպառում իրականացվելու է բերքի մոտ մեկ երրորդը, իսկ արտահանման մեծ մասը բաժին է հասնելու ՌԴ-ին»,-նշեց պատասխանատուն՝ փաստելով, որ ելակի ընտրությունը պատահական չէ. ելակը «աներես» կարելի է համարել, իսկ տարածքի բնակլիմայական պայմանները հաշվի առնելով՝ բերքի ակնկալիքները մեծ են:

Ջերմոցն այժմ ունի 11 աշխատակից, առաջիկայում աշխատողների թիվը կավելանա:

*

*