Պատասխանատու մարմինների ղեկավարները քննարկել են սիգի որսի արգելքի միջոցառումներին նոր թափ հաղորդելու հարցեր

Որոշվել է շարունակել Սևանա լճում ձկնորսների դրած բոլոր ցանցերի դուրսբերումը...
valeri-osipyan

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում դեկտեմբերի 20-ից մեկնարկած համատեղ հատուկ միջոցառումների արդյունքներն ու խնդիրներն են քննարկվել հունվարի 11-ին անցկացված աշխատանքային հանդիպմանը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը և այլ պաշտոնյաներ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Քննարկվել են Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացվող համատեղ հատուկ միջոցառումներին նոր թափ հաղորդելու և ծառայությունն ու վերահսկողությունն ուժեղացնելու վերաբերյալ հարցեր:

Որոշվել է շարունակել Սևանա լճում ձկնորսների դրած բոլոր ցանցերի դուրսբերումը, լրացուցիչ միջոցներ ձեռնարկել բացառելու լողամիջոցների ու որսագործիքների մուտքը լիճ, ուժեղացնել ծառայությունը Սևանա լճի հարակից տարածքում տեղակայված պահակետերում ու հայտնաբերել հանրապետության բնակավայրերում սիգի վաճառքի դեպքերը:

Միջոցառումներից և Սևանա լճում սիգ ձկնատեսակի պաշարի գիտական վերագնահատումից հետո, ձկան բավարար քանակների հաստատման դեպքում, կքննարկվի արդյունագործական ձկնորսության թույլտվության հարցը:

*

*