ՍԱՊԾ-ն գնում է թթվասերների «Հետք»-երով — Երկիր Մեդիա

ՍԱՊԾ-ն գնում է թթվասերների «Հետք»-երով

ՍԱՊԾ-ն սննդամթերքի անվտանգության բարելավմանը նվիրված հանրային քննարկում է անցկացրել
handipum (29)

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ փետրվարի 9-ին հանրային հարթակում քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրներն ու վերահսկողության բարելավմանն ուղղված քայլերը, անդրադարձ է եղել նաև իրականացված աշխատանքներին ու հանրային սեկտորի հետ համագործակցության հնարավորություններին: Քննարկմանը մասնակցել են սպառողների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, սննդամթերք արտադրողների միությունների, ինչպես նաև «Հետք» հետաքննող լրագրողների միության ներկայացուցիչներ, ՍԱՊԾ պատասխանատու պաշտոնյաներ:

Հասարակական հատվածին են ներկայացվել «Հետք» էլեկտրոնային կայքում հրապարակված՝ թթվասերի փորձաքննության ցուցանիշների հիման վրա Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կատարված վերահսկողության օպերատիվ արդյունքները, այն խնդիրները, որոնք բացահայտվել են կաթնամթերքի շուկայում և որոնք կարող էին հանգեցնել այդօրինակ խախտումների: Պետական վերահսկողության միջոցառումների շրջանակներում արձանագրվել են համակարգային մի շարք խնդիրներ, որոնք բնորոշ են գրեթե բոլոր արտադրողներին. կաթի մթերում առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, կաթի մթերման գործընթացի կազմակերպման, մնացորդային նյութերի, ինչպես նաև արտադրական պրոցեսների նկատմամբ ոչ պատշաճ փաստաթղթավորված և թերի հսկողություն (դիտարկումներ են իրականացվել այն բոլոր կազմակերպություններում, որոնց արտադրանքում «Հետք»-ն արձանագրել էր անհամապատասխանություններ՝ «Չանախ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Էջմիածին կաթ» ՍՊԸ, «Թամարա» ՍՊԸ, «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ,  «Պարգև» ՍՊԸ):

ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանի բնորոշմամբ՝ սա արտադրողների մոտ որակի կառավարման համակարգերի բացակայության կամ, առկայության դեպքում, թերի կիրառման արդյունք է: Ծառայությունը թթվասերի նմուշների փորձաքննությունների ամբողջական պատկերը կհրապարակի ամփոփելուց անմիջապես հետո:

Քննարկման մասնակիցները փաստել են, որ հանրային հատվածի ակտիվ ներգրավվածությունն անհրաժեշտ նախապայման է` արձանագրված խնդիրները վերացնելու արդյունավետ մեխանիզմներ գտնելու հարցում:

*

*