Ռիչարդ Միլս. «Հայաստանը մթության առջեւ տեղի չտվեց»

Հայաստանում մեկնարկեց վերականգնվող էներգիայի հեռանկարներին նվիրված մեկօրյա համաժողովը:
richard-mils

Հայաստանում մեկնարկեց վերականգնվող էներգիայի հեռանկարներին նվիրված մեկօրյա համաժողովը, որը կազմակերպել է ԱՄՆ դեսպանատունը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Կոնտուր Գլոբալ» ընկերության հետ համատեղ:

Համաժողովը համախմբել է շուրջ 70 հայկական, ինչպես նաեւ  վերականգնվող էներգիայի մի քանի առաջատար ամերիկյան ընկերությունների:

Համաժողովին ելույթի խոսքով հանդես եկավ Հայաստանում ԱՄՆ  արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը՝ ընդգծելով, որ Հայաստանը եւ նրա էներգետիկ համակարգը վերջին 25 տարում մեծ աճ են գրանցել:

«Երբ ես մտածում եմ ոլորտի առաջիկա 25 տարվա մասին, մեծ ոգեւորություն եմ ապրում, քանի որ գիտեմ, այդ զարգացումները այսօր եւ այստեղ ձեւավորվող գործընկերությունների արդյունքն են լինելու: Ինչպես ձեզնից շատերը գիտեն, այս տարի նշում ենք հայ-ամերիկյան հարաբերությունների 25-ամյակը: 25 տարի առաջ ԱՄՆ պետքարտուղարությունում ես զբաղվում էի նորանկախ Հայաստանի հետ կապված հարցերով:  Ձեզնից շատերը կհիշեն, որ Հայաստանում անկախության առաջին տարիներին էներգետիկ իրավիճակը շատ անկայուն էր, հոսանքի անջատումները հաճախակի բնույթ ունեին: Իրական ճգնաժամ էր, բայց Հայաստանը մթության առջեւ տեղի չտվեց, այլ գործընկերների օգնությամբ կարողացավ դառնալ մի երկիր, որն ի վիճակի է հոգալու սեփական կարիքները եւ դեռ ավելին, արտահանելու էլեկտրաէներգիայի ավելցուկը»,- ասաց նա:

Դեսպանը կարեւորեց այս ուղղությամբ ՀՀ կառավարության կատարած աշխատանքը, ինչպես նաեւ ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը՝ շեշտելով նախորդ ամիս Հայաստանի պաշտոնյաների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչերի համար կազմակերպված ճանաչողական այցն ԱՄՆ, որը նրանց հնարավորություն տվեց ծանոթանալու  ոլորտում երկրի լավագույն փորձին:

Համաժողովին իրենց փորձը ներկայացնելու համար Հայաստան են ժամանել 7 ընկերություն՝ «Հանիվել Բիլդինգ Սոլյուշենսը», «Ջեներալ Էլեկտրիկը», «Կոնտուր Գլոբալը» եւ այլն:

*

*