Քաղավիացիայի պետն ամփոփել է տարին

Դեկտեմբերի 27-ից մեկնարկելու է Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ կանոնավոր չվերթը
sergey-avetisyan

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր ամփոփել է տարին:

ՔԱԳՎ պետը նախ անդրադարձել է տարվա ընթացքում ոլորտում արձանագրած ցուցանիշներին: Համաձայն դեկտեմբերի 25-ի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2 մլն 495 հազար 5 հարյուր մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 21.1 տոկոսով: ՀՀ օդանավակայաններում դեկտեմբերի 25-ի դրությամբ իրականացվել է 10 հազար 752 թռիչք-վայրէջք՝ 18.2 տոկոսով գերազանցելով 2016 թվականին գրանցած ցուցանիշը:

ՔԱԳՎ պետն անդրադառնալով ՀՀ օդային մայրուղիներում իրականացված չվերթներին՝ նշել է, որ դեկտեմբերի 25-ի դրությամբ իրականացվել է 53 հազար 270 հատ չվերթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 39.9%-ով: 2016 թվականի վերը նշված ժամանակահատվածում ՀՀ օդային մայրուղիներում սպասարկվել է 38 հազար 83 հատ չվերթ:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 20 հազար 573 տոննա ապրանք, ինչը 2016 թվականի ցուցանիշը գերազանցել է 29.8%-ով:

Սերգեյ Ավետիսյանը խոսել է նաև ոլորտում իրականացրած ծրագրերի մասին: Մասնավորապես, նշել է, որ 2017 թվականին Գյումրու «Շիրակ» օդանավակայանի շենքային պայմանների, ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման նպատակով կնքվել է շուրջ 845 մլն ՀՀ դրամի ներդրումային աշխատանքների պայմանագիր: Իրականացված ներդրումների արդյունքում օդանավակայանի բոլոր համալիրներում տեղադրվել են նոր ապակիներ, մոնտաժվել է կաթսայատան և ջեռուցման համակարգը:

Սերգեյ Ավետիսյանը, որպես ոլորտի կարևոր ձեռքբերում, առանձնացրել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում նախաստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը, որի շուրջ բանակցություններ վարելու մանդատը Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական խորհդի կողմից ստացել էր 2016թ. դեկտեմբերի 1-ին: Համաձայնագիրը հայկական ավիաընկերությունների համար ԵՄ ներքին շուկայից առանց սահմանափակումների օգտվելու հնարավորություն է ստեղծում, իսկ ԵՄ ավիաընկերությունների համար՝ հայկական շուկայից երրորդ պետություններ մեկնելու հնարավորություն:

ՔԱԳՎ պետը, խոսելով ոլորտում սպասվող իրադարձություններից, նշել է, որ դեկտեմբերի 27-ից Turkmenistan Airlines ավիաընկերությունը մեկնարկելու է Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ կանոնավոր չվերթը, իսկ 2018 թվականից «Արմենիա» ավիաընկերությունը սկսելու է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Լիոն և Քյոլն:

*

*