Պետության սուբսիդավորմամբ պարարտանյութը գյուղացիներին կտրամադրվի 7 հազար դրամով

Կառավարությունը հավանություն տվեց...
karavarutyun

Կառավարությունը հավանություն տվեց պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման ծրագրի շրջանակներում սուբսիդիա և դրամաշնորհ տրամադրելու մասին որոշմանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը նշեց, որ սուբսիդիայի շրջանակում 285 մլն դրամ է տրամադրվում «Տորգովիյ Դոմ «Դոնսկոյ Ագրոխիմ Ցենտր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկե­րությանը՝ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մատակարարումները Հայաստանում կազմակերպելու նպատակով:

Ծրագրի իրականացման համար 18,750,000 դրամը, առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, տրամադրվում է գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին՝ ներմուծված ֆոսֆորական և կալիումա­կան պարարտանյութերի բեռնման և համայնք­ներ բեռնափոխադրման աշխա­տանք­ները կազմակերպելու նպատակով:

«Համաձայն մարզպետարաններից ստացված տեղեկատվության՝ 2018 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար պարարտանյութերի պահանջարկը կազմում է 1500 տոննա ֆոսֆորական և 1500 տոննա կալիումական պարարտանյութեր, որոնք էլ կներկրվեն: Համայնքներում սուբսիդավորված  պարարտանյութի 1 պարկի գինը կկազմի 7000 դրամ»,- ընդգծեց Մակարյանը:

Այս ծրագիրը գործում է 2012 թվականից սկսած: