ՊԵԿ․ Եթե մաքսային ծառայողն անարդարացի սահմանափակում է քաղաքացիների իրավունքները․․․

Պետեկամուտների կոմիտեն հորդորում է․․․
pek

Պետեկամուտների կոմիտեն հորդորում է պահպանել մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման սահմանված կարգը և համապատասխան իրավական ակտերով նախատեսված կարգավորումները չդիտարկել որպես մաքսային մարմինների սուբյեկտիվ պահանջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ եթե մաքսային ծառայողն անարդարացի սահմանափակում է քաղաքացիների իրավունքները, անհրաժեշտ է պահանջել պարզաբանում՝ դրա իրավական հիմքերի վերաբերյալ, իսկ դրանց չներկայացման կամ անբավարար լինելու դեպքում՝ անհապաղ տեղեկացնել Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությանը՝ գրավոր կամ ՊԵԿ թեժ գծի միջոցով: Կոմիտեն պատրաստակամ է, օրենսդրության շրջանակում, անհապաղ լուծում տալ ցանկացած խնդրի: «Ֆիզիկական կամ իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ համար որևէ ապրանքատեսակի ներմուծման կամ արտահանման դեպքում ՀՀ մաքսային մարմինների կողմից արհեստական  վարչարարության սուբյեկտիվ արգելքներ չկան: Հավասար իրավունքով հանդերձ, քաղաքացիները պարտավոր են պահպանել այդ ապրանքների ներմուծման և արտահանման ՀՀ միջազգային պայմանագրերով, ԵԱՏՄ այլ ակտերով և ՀՀ ազգային օրենսդրությամբ սահմանված կարգը»,-ասաց նա:

Մհեր Մարտիրոսյանը նշեց, որ այդ կարգի կարևոր բաղադրիչ է մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրումը: Այսինքն, համապատասխան իրավական ակտերով նախատեսված դեպքերում, ձևով և կարգով՝ ապրանքի, տրանսպորտային միջոցի, ուղևորային հայտարարագրերի և դրանցում ներառված տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերի ներկայացումը մաքսային մարմիններին:

*

*