ՊԵԿ նախագահը հայտնում է ՀԴՄ պակասորդի մասին

«Հսկիչ դրամարկղային մեքենաների պակասորդ ունենք»
hdm

Պետական եկամուտների կոմիտեում հսկիչ դրամարկղային մեքենաների պակասորդ կա: Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Հսկիչ դրամարկղային մեքենաների պակասորդ ունենք: Այն հարկ վճարողները, ովքեր հին սերնդի ՀԴՄ ունեին, բայց նոր սարքեր ստանալու նրանց հայտը բավարարվել է, հետ ենք կանչելու այդ հայտերը, և առաջին հերթին տրամադրելու ենք ՀԴՄ-ներն այն հարկ վճարողներին, ովքեր նոր են գրանցվել և ընդհանրապես սարք չունեն»,- ասաց Անանյանը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ այս պահին ստացված շուրջ 9000 հայտ կա, որից 3000-ը բավարարված են, իսկ սարքերի քանակը 700-800 հատ է:

ՊԵԿ նախագահի 2019 թվականի փետրվարի 5-ի հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գին սահմանելու վերաբերյալ հրամանի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, ինչպես նաև 2019 թվականի հունվարի 1-ից բացառապես արտոնագրային հարկ վճարողները պետք է ձեռք բերեն նոր սերնդի ՀԴՄ–ներ։

*

*