Օրինապահ տնտեսվարողի գործելաոճը վարակիչ է լինելու

ՊԵԿ-ը շարունակում է տարբերակել օրինապահ հարկ վճարողներին...

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է տարբերակել օրինապահ հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հավաստագրեր է հանձնել ևս 16 տնտեսվարողի:

«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման երրորդ փուլում դիմում ներկայացրած 25 հարկ վճարողից 9-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Փետրվարի 22-ից մինչև մարտի 14-ը հավաստագրի ստացման համար դիմած ևս 22 հարկ վճարողների դիմումները գտնվում են ուսումնասիրության ընթացքում:

Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 99 տնտեսվարողներ, որոնցից 54-ի դիմումը բավարարվել է, 23-ինը՝ մերժվել, իսկ 22 դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում: Արտասահմանյան կազմակերպություններին ծրագրավորման ծառայություններ մատուցող ընկերության հիմնադիր Նարեկ Հարությունյանը կարևորում է ՊԵԿ-ի կողմից օրինապահ հարկ վճարողներին առանձնահատուկ ուշադրության ցուցաբերումը. «Միջազգային շուկայում բիզնես գործունեություն ծավալելիս մեծ դեր ունի գործընկերոջ հեղինակությունը: Հետևաբար հավաստագրի առկայությունը դրական կանդրադառնա հայաստանյան ընկերության նկատմամբ վստահության մեծացման և բիզնես հարաբերությունները կայուն հեռանկարի համար կառուցելու գործում»:

Միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերության տնօրեն Աննա Պետրոսյանի դիտարկմամբ, գնահատված լինելը մեծ առավելություն է. «Հավաստագրի հանձնումը մեկ անգամ ևս փաստեց, որ օրինապահությունը խրախուսվում է մեր երկրում, և պարտավորեցնում հետագայում ևս օրենքով առաջնորդվել»:

Հաշվապահական կենտրոնի գործադիր տնօրեն Լիլիթ Շահնազարյանի կարծիքով, իրենց ընկերությունը, միջանկյալ օղակ լինելով պետության և բիզնեսի միջև, հավաստագիր ստանալով՝ օրինակ է ծառայում գործընկեր կազմակերպությունների համար.

«Նրանք մեծ ոգևորությամբ սպասում են՝ երբ ենք իրենց դիմումները ներկայացնելու կոմիտե, որպեսզի ստանան իրենց օրինավոր գործելաոճը հավաստող փաստաթուղթ: Ակնհայտ է, որ հարկ վճարելը պատվաբեր է, հատկապես, երբ գնահատվում է պետության կողմից»:

Լիլիթ Շահնազարյանի համոզմամբ, օրինապահ տնտեսվարողի գործելաոճը վարակիչ է լինելու:

ՑԱՆԿ
Օրինապահ հարկ վճարողների
1.    «ՆԱՆԻԿՈ»
2.    «ԽԱՅԱԹ ՔՈՄՓԱՆԻ»
3.    «ԵՎՐՈՄԵԴ»
4.    Ա/Ձ ՎՐԵԺ ՂԱԶԱՐՅԱՆ
5.    «ՍՏԱՆԴԱՐՏՍԵՐՎԻՍ»
6.    «ԵՎՐՈՏՐԱՆՍ»
7.    «ԵՎՐՈ ԱՅԹԻ»
8.    «ՎՐՈ»
9.    «ՎԵՆԿՈՆ»
10. «ԱԼՏ ԴԻԶԱՅՆ»
11. Ա/Ձ ՏԻԳՐԱՆ ՄԱԴՈՅԱՆ
12. «ԷԼ ՖՈՐ» ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
13. «Գ ԸՆԴ ԷԼ ԿԱՊԻՏԱԼ»
14. «ԳՏԳՏԻԿ»
15. «ՍՈՖԹՀԵՆՋ»
16. «ԱՐԻԴԵՍ»

*

*