Շուկայում շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը համոզվել է, որ բանջարեղենի գները տարօրինակ բարձր են

«...պետք է փորձել գները նվազեցնել»
varchapet

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Գում»-ի շուկա կատարած շրջայցի ընթացքում համոզվել է, որ լոլիկի, վարունգի, սմբուկի և մի շարք կարևոր բանջարեղենների գները տարօրինակ բարձր են: Շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը տարօրինակ համարեց նաև այն հանգամանքը, որ տարվա այս ժամանակահատվածում շուկայում հայտնվել է ջերմոցային լոլիկ և վարունգ:

«Հայաստանի համար մի փոքր անսովոր է, որ այս սեզոնին շուկայում ջերմոցային վարունգ և լոլիկ է հայտնվել»,-ընդգծեց նա:

Վարչապետը հստակեցրեց, որ գնագոյացման վրա ազդելու խնդիր դրված չէ, բայց քաղաքականության միջոցով երկարաժամկետ առումով պետք է փորձել գները նվազեցնել:

«Հիմա, օրինակ` տեսեք՝ շուկայում արձանագրվում է և պաշտոնական տվյալներն էլ են դա ցույց տալիս, որ օրինակ, խնձորը շատ կայուն վարքագիծ է ցուցաբերում շուկայում և  միշտ կայուն գին է ունենում, որովհետև վերջին տարիներին այնպես է ստացվել, որ խնձորի արտադրության հստակ մեխանիզմ է ձևավորվել »,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված անցած տարվա համեմատ գյուղմթերքի արտահանման 67 տոկոսանոց աճը, վարչապետը պատասխանեց. «Ենթադրվում է, որ ենթակառուցվածքներն աճում են, բերքը լավ է եղել, պահանջարկը մեծացել է»:

*

*