Փաշինյան. «Սա ի՞նչ տնտեսական միություն է, որտեղ միայն անկումներ են գրանցվում»

ԱԺ-ում քննարկվում է ԵԱՏՄ-ից ՀՀ-ն դուրս բերելու նախագծի քննարկման համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը
eatm-masnakcutyun-ghazakhstan-hovik-abrahamyan

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկում է Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս բերելու վերաբերյալ «Ելք» խմբակցության ներկայացրած Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ իրենք շարունակում են համոզված լինել, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ում անելիք չունի, քանի որ անդամակցության տարիների ընթացքում Հայաստանի առևտրաշրջանառությունը միության անդամ երկրների հետ նվազել է: Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցի քննարկման ժամանակ հիմնական փաստարկներից մեկը Հայաստանի անվտանգության հարցն էր, սակայն դա էլ չի լուծվել, քանի որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմը:

«Մենք պետք է սերտ հարաբերություններ ունենանք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ, սակայն Ղազախստանի հետ մեր առևտրաշրջանառությունը կազմում է ընդամենը 6 միլիոն դոլար, Բելառուսի հետ՝ 37 միլիոն դոլար: Թուրքիայի հետ, որի հետ մենք ընդհանրապես որևէ հարաբերություն չունենք, մեր շրջանառությունը 164 միլիոն դոլար է: Այսինքն՝ Ղազախստանի ցուցանիշը գերազանցում է 30-40 անգամ: Սա ի՞նչ տնտեսական միություն է, որտեղ միայն անկումներ են գրանցվում»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ իրենք բացասական են գնահատում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը:

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն ընդգծեց, որ քննարկվող հարցին հարկավոր է զգուշորեն մոտենալ, քանի որ այսպես թե այնպես այն կարող է իր հետևանքներն ունենալ:

ԵԱՏՄ կազմից ՀՀ-ն դուրս բերելու վերաբերյալ նախագիծը քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծելու առաջարկին կողմ քվեարկեց 1, դեմ՝ 10 պատգամավոր:

*

*