Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացմամբ. Նիկոլ Փաշինյան

«Մենք պատրաստ ենք հետայսու նույնպես գործադրել բոլոր ջանքերը համագործակցության նոր ուղիներ ու մեխանիզմներ գտնելու համար...»
pashinyan

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը մեր կառավարության գերակայություններից մեկն է: ԵԱՏՄ երկրների հետ առեւտրատնտեսական համագործակցությունը դառնում է կարեւորագույն դրական գործոններից մեկը, որն ազդում է երկրի տնտեսական աճի եւ արտաքին առեւտրի ներուժի վրա:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այսպիսով, 2018 թ.-ի առաջին 10 ամիսներին Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճը 2017 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ  կազմել է 15%: Նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան 22%-ով, իսկ Հայաստանի ընդհանուր արտահանման ծավալը` 11.7%-ով: Ավելանում է նաեւ ԵԱՏՄ երկրների բաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման կառուցվածքում: Այս փաստերը, կարծում եմ, վկայում են ոչ միայն մեր ապրանքների համար ԵԱՏՄ շուկաներում ստեղծված բարենպաստ կոնյուկտուրայի, այլեւ մեր միության ներսում գործող ազատ առեւտրի գործիքների արդյունավետության մասին»,- ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացմամբ: «Մենք պատրաստ ենք հետայսու նույնպես գործադրել բոլոր ջանքերը ինտեգրացիոն ինստիտուտների կատարելագործման եւ համագործակցության նոր ուղիներ ու մեխանիզմներ գտնելու համար: Այս համատեքստում կցանկանայի նշել, որ Հայաստանը ողջունում է «Ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման մասին հռչակագիրը» եւ սատարում է այդ փաստաթղթի դրույթները, որոնք սահմանում են մեր համագործակցության փիլիսոփայությունը եւ դրա զարգացման հիմնական ուղղությունները: Մենք համոզված ենք, որ մեր երկրների ինտեգրումը, ի վերջո, պետք է ծառայի գործարարության համար հարմարավետ միջավայրի ստեղծմանը եւ մարդկային ներուժի լիարժեք իրացմանը: Եթե այս հարցում կարողանանք հասնել տեսանելի արդյունքների, ապա ի հայտ կգան մի շարք տնտեսվարողներ եւ անհատներ, որոնք հետաքրքրված կլինեն ինտեգրացիայի խորացմամբ: Ինտեգրացիան կդառնա անշրջելի, եթե երկրների քաղաքացիները տեսնեն կոնկրետ արդյունքներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

*

*