«Ապացուցելու ենք, որ հայ ժողովուրդը ստեղծագործող է և մեծ թռիչք է ունենալու». ՀՀ վարչապետ

«․․․որևէ մեկի մտքով չի անցնի որևէ գործարարի հետ փայ մտնել, հարկ դնել»
pashinyan-agarak (2) (1)

Հայ ժողովուրդը աշխատող ժողովուրդ է, ձեռք պարզող չէ, այլ ձեռք մեկնող է, օգնություն մուրացող ժողովուրդ չէ, այլ օգնություն առաջարկող ժողովուրդ է: Այս մարդկանցով՝ գործարարներով, ովքեր աշխատելու են, ապացուցելու ենք բոլորս միմյանց հետ, որ հայ ժողովուրդը ստեղծագործող է և մեծ թռիչք է ունենալու: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի վերածննդի 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

«Անկախությունից ի վեր սա առաջին արտադրամասն է, որ բացվել է Ագարակում, և հույս ունեմ, որ այս փոքր արտադրամասը կմեծանա և այլ արտադրամասեր կստեղծվեն: Ուզում եմ երաշխավորել և հավաստիացնել, որ նոր Հայաստանում որևէ մեկի մտքով չի անցնի որևէ գործարարի հետ փայ մտնել, հարկ դնել, որևէ պաշտոնյայի մտքով չի անցնի կաշառք վերցնել, խնդիրներ ստեղծել: Բոլոր գործարարներին ասում ենք՝ խոնարհվում ենք ձեր կատարած բոլոր բարեգործությունների, նվիրատվությունների համար, որոնք չափազանց կարևոր են ՀՀ-ի համար, բայց բոլորին կոչ ենք անում ներդրումներ անել, աշխատատեղեր ստեղծել: Հայաստանը մի տեղ է, որտեղ կարելի է արդար և օրինական աշխատանքով փող վաստակել, և փող վաստակելու հնարավորություն տալ ուրիշներին: ՀՀ-ն սպասում է ձեզ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել գործարարներին: Շուտով Պետերբուրգի հանդիպումից ևս մեկ արդյունք կունենանք, շուտով Սևանում կբացվի շաքարի գործարան, որի սեփականատերը այստեղ է: Նա նույնպես այդ հանդիպման մասնակից է: Ես պատրաստ եմ գնալ բազմաթիվ հանդիպումների, որոնք արդյունքում կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր: Պարոն Պողոսյան, հատուկ շնորհակալություն ձեզ, որ մեր հայրենակիցների հետ կապը չեք կորցրել: Մեր ուղերձը սա է, որ հայ ժողովուրդը աշխատող ժողովուրդ է, ձեռք պարզող չէ, այլ ձեռք մեկնող է, օգնություն մուրացող ժողովուրդ չէ, այլ օգնություն առաջարկող ժողովուրդ է: Այս մարդկանցով՝ գործարարներով, ովքեր աշխատելու են, ապացուցելու ենք բոլորս միմյանց հետ, որ հայ ժողովուրդը ստեղծագործող է և մեծ թռիչք է ունենալու:

Ագարակը գյուղատնտեսության կարևոր կենտրոններից է, պետք է այն ապահովենք ջրով, առաջարկենք նոր տեխնոլոգիաներ և լավ մթնոլորտ ապահովենք աշխատանքի  համար: Ոչ ոք ձեզ չի խանգարելու, մենք օգնելու ենք ձեզ, սիրելի ժողովուրդ, մեր կառավարությունը, ես ինքս պետք է հող դառնանք ժողովրդի ոտքերի տակ, որպեսզի մեր վրա հենվելով ոտքի կանգնեն, զարգանան և հզորանան»,-մասնավորապես ասված է ՀՀ վարչապետի ելույթում։

*

*