Նիկոլ Փաշինյանը տնտեսական հրաշք է ակնկալում

Վարչապետը Վանաձորում մասնակցել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողով-ցուցահանդեսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում մասնակցել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողով-ցուցահանդեսին, որին մասնակցում են նաև Հայաստանի ու արտերկրի մեծաթիվ գործարարներ ու ներդրողներ:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հիմնական հարցը, որ այսօր կախված է օդում` հետևյալն է, կարող է արդյոք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալ տնտեսական հեղափոխություն և կարող են արդյոք կառավարությունն ու ժողովուրդը հասնել մի արդյունքի, որը միջազգայնորեն ընդունված է համարել տնտեսական հրաշք: Այս հարցի պատասխանը ակնհատ է. այն ժողովուրդը, որն ի վիճակի է հասնել մի արդյունքի, որը կարող ենք անվանել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը նույնպես մեր հասանելիության տիրույթում է: Տնտեսական հեղափոխությունը մեր կարևորագույն առաջնահերթությունն է, բայց պետք է հասկանանք, թե որոնք են դրա պարամետրերը. դրանք նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը»:

Վարչապետն ավելացրել է, որ տնտեսական հեղափոխության արգասիքն առաջին հերթին բարեկեցության նոր մակարդակն է:

«Տնտեսական հեղափոխությունը Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացի պետք է իրականացնի: Ամեն մեկը պետք է իր գործունեությամբ փակի պայմանական փողոցները, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը: Մենք պետք է պայմանավորվենք, որ մենք իրար հետ պետք է անենք տնտեսական հեղափոխությունը, որովհետև փոփոխությունների մեթոդաբանությունը պետք է պահենք նույնը: Իրականում սա հեշտ չէ: Պետք է խոստովանել, որ տնտեսական կոռուպցիոն համակարգը երբեմն ունի պարզություններ, օրինակ, եթե որևէ բիզնես «փայ է» որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, նշանակում է, որ պատասախանատվության կեսը կիսված է, և երբ ահազանգ լինի, որ ինչ-որ բան բիզնեսին սպառնում է, կարելի է հարկայինին միջամտել, անհարմար մրցակցի շարքից հանել: Նոր իրավիճակը տարբերվում է նրանով, որ նման ապօրինի երաշխիքներ չկան, երաշխիքները բոլորի համար հավասար են և ամեն մեկն իր բիզնեսի պատասխանատվությունը չի կարող կիսել իշխանության հետ: Որևէ մեկը նրա համար արհեստական խոչընդոտ չի կարող ստեղծել»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ այստեղ։ 

*

*