Նիկոլ Փաշինյանն այցելեց «Տավուշ Տեքստիլ» ընկերություն — Երկիր Մեդիա

Նիկոլ Փաշինյանն այցելեց «Տավուշ Տեքստիլ» ընկերություն

Ձեռնարկությունը մասնագետների կարիք ունի
nikol-pashinyan-tavush-textil2 (1)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելեց «Տավուշ Տեքստիլ» ընկերություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրեն Երիցյանի ուղեկցությամբ վարչապետը շրջեց ընկերության տարածքում, ծանոթացավ արտադրական հնարավորություններին, անցած ուղուն, ձեռքբերումներին:

Սուրեն Երիցյանը վարչապետի հետ զրույցում խոսեց որակյալ կադրերի խնդրի մասին՝ նշելով, որ մասնագետների կարիք ունեն: Նա նշեց, որ Բերդում գործող ուսումնարանի հետ պայմանավորվածություն է եղել հաստոցներ, նյութեր տրամադրել մասնագետներ պատրաստելու համար,  որպեսզի հետագայում գործարանում աշխատեն, սակայն, կարծես, սայլը տեղից չի շարժվում: Սուրեն Երիցյանի բարձրացրած հարցին անդրադարձավ վարչապետը:

«Դա շատ կարևոր հարց է: Ուսումնարանները պետք է սկսեն աշխատել: Մեր կրթական համակարգի պրոբլեմը ո՞րն է՝ ուսանողն ավարտում է, տեղ չկա, որ աշխատի: Հիմա պետք է կրթական համակարգն այն տրամաբանության մեջ դնել, որ պրակտիկայի հետ կապված լինի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին գործարար Սուրեն Երիցյանի կողմից: Ներկայում ընկերությունն ունի արտադրություններ Չորաթան, Արծվաբերդ, Բերդ համայնքներում և սպասարկող արտադրամաս Մովսես համայնքում:  «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ն ունի շուրջ 1500 գործող հաստոց: 2018 թվականին արտադրվել է 23 238 991 զույգ բանվորական ձեռնոցներ, որից 19  329  662 զույգը իրացվել է Ռուսաստանի և Ուկրաինայի շուկաներում:

«Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ում աշխատում է շուրջ 520 աշխատակից Բերդ, Արծվաբերդ, Չորաթան, Մովսես, Տավուշ, Վերին Կարմիր աղբյուր, Նորաշեն համայնքներից՝ միջինը 135 հազար դրամ աշխատավարձով: Առաջիկայում պլանավորվում է ավելացնել հաստոցների քանակը ևս 600 հատով, որը կստեղծի ևս 150-200 աշխատատեղ:

 

*

*