Գյումրիում ՀՀ վարչապետին ներկայացվել է 50 ներդրումային ծրագիր

Համաժողովի ընթացքում պանելային քննարկումները ոլորտային էին
pashinyan-gyumri

«Իմ քայլը հանուն Շիրակի» համաժողովի պանելային քննարկումներից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ ծանոթացավ մարզի ներդրումային ներուժին և արդեն առկա նախագծերին։ Ներկայացվել է ՏՏ, արդյունաբերության, զբոսաշրջության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտների առնչվող 50 ներդրումային ծրագիր:

ՏՏ  ոլորտին առնչվող պանելային քննարկման ժամանակ ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի մարզերում տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ի նպաստ Շիրակի մարզում բարձրագույն տեխնոլոգիական կրթության որակի բարձրացման և նորարական կրթական միջավայրի ստեղծման։ Հովիկ Մուսայելյանը նշեց, որ մոտ մեկ ու տարի առաջ էր քննարկում Գյումրի մտնել-չմտնելու հարցը: «Մեզ ասում էին՝ գյումրեցիների հետ շատ դժվար է լինելու, որովհետև հավատի ու վստահության խնդիր կա: Ասեմ, որ դժվար չէ: Ոչ միայն դժվար չէ, այլ այսօր մենք մարզպետի հետ տեխնոլոգիական խնդիրներ ենք քննարկում այստեղ»,- ասաց նա:

Համաժողովի ընթացքում պանելային քննարկումները ոլորտային էին: Առաջին քննարկումը նվիրված էր Հայաստանում գործող և նոր մեկնարկող բիզնեսներին աջակցող քաղաքականությանն ու մեխանիզմներին։ Քննարկման մասնակիցներն էին էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

*

*