ԵՏՄ-ի շրջանակներում նավթի եւ նավթամթերքի միասնական շուկա կձեւավորվի

Երեւանում այսօր տեղի է ունեցել ԵԱՏՄ միջկառավարական նիստը։

2016 թվականը հայտարարված է հարաբերությունների խորացման, զարգացման միջազգային ինտեգրացիոն միավորների եւ երրորդ երկրների տնտեսական կապերի ընդլայնման ու խորացման տարի: Նման հայտարարությամբ ԵԱՏՄ միջկառավարական նիստից հետո հանդես է եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ըստ նրա` այս տեսանկյունից օրակարգի առաջին հարցը, որ քննարկվել է այսօր, ԵՏՄ-ի շրջանակներում Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների շուրջ բանակցություններ վարելն է: Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը, ըստ Սարգսյանի, տնտեսական այս կառույցի համար սկզբունքային կարեւորություն ունի:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահը նշել է նաեւ, որ այսօրվա հանդիպումը ցույց տվեց` ԵՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները հստակ պատկերացում ունեն գործընթացի մեկնարկի մասին:

«Հիմնական նպատակը մեր երկրների տնտեսվարողների համար բարենպաստ պայմանների ստեղծումն է, եւ համոզված ենք, որ հարաբերությունների ճիշտ զարգացման դեպքում այս ուղղությամբ մեծ ներուժ կա:

Երկրորդ հայեցակարգային փաստաթուղթը, որ քննարկվել է այսօրվա հանդիպման ընթացքում, վերաբերում է նավթի եւ նավթամթերքի միասնական շուկայի ձեւավորմանը: Անցած նիստում եւս այս հարցը քննարկվել է, եւ այսօր համաձայնություն է ձեռք բերվել: Փաստաթուղթը կներկայացվի մեր նախագահների հաստատմանը այս տարվա մայիսին Աստանայում տեղի ունենալիք նիստում: Օրակարգում եղել են նաեւ ԵՏՄ-ի շրջանակներում մի շարք հարցեր: Սկզբունքային է համարվում միասնական մաքսային օրենսգրքի ստեղծումը»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

*

*