Միքայել Մելքումյանը չի բացառում գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման հնարավորության առկայությունը

Մելքումյանը նշեց, որ որքան աշխատում են ԱԺ-ում, պետք է կարողանան գրագետ, արդյունավետ քաղաքականություն վարել:
shmol-gaz

Գազի և էլեկտրաէներգիայի  հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովը պետք է բացահայտի և ասի, որ Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցման հնարավորություն կա: Հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն այս մասին ասաց հոկտեմբերի 19-ին` հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Կառավարության ներկայացուցիչները և Հանային ծառայությունների հանձնաժողովը, արտադրող բիզնեսի ներկայացուցիչները միշտ ձգտել են սակագինը չիջեցնելու քաղաքականություն տանել: Համակարգը շահութաբեր պահելու խնդիրն է դրվել: Մենք, որպես օրենսդիր մարմին, պետք է հետամուտ լինենք երկու հիմնական հարցի շուրջ: Առաջինը` արդյոք խորհրդարանը ստեղծել է իրավապայմանագրային պայմաններ, որպեսզի բնականոն, ողջամիտ կոմպրոմիս լինի սպառողների և արտադրողների միջև: Միշտ վերջնական սպառողն է վճարել կորուստների համար: Հիմա մենք ուզում ենք հասկանանք, թե ամեն ինչ վերջնական սպառողի վրա է լինելու, թե կա այլ տարբերակ: Մենք պետք է բացահայտենք ու ասենք, որ այո սակագնի իջեցման այդ հնարավորությունը կա»,-ասաց նա ու հավելեց` իջեցման չափը դեռ չի կարող ասել:

Դիտարկմանը` ինչու են ուզում հենց հիմա այդ հարցը քննարկել, երբ խորհրդարանը հնարավոր է շուտով ցրվի, Մելքումյանը նշեց, որ որքան աշխատում են ԱԺ-ում, պետք է կարողանան գրագետ, արդյունավետ քաղաքականություն վարել:

ԱԺ Գազի եւ էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր «Ծառուկյան» խմբակցության առաջարկով, խմբակցության  պատգամավորների ստորագրությամբ: ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծվել է՝ ուսումնասիրելու «Գազպրոմ Արմենիա» -ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գործունեության առանձնահատկությունները, որպեսզի հասկանան գազի և դրանից բխող էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածության հարցը:

*

*